«208» կանչող զինվորը մի քանի օրով տուն է վերադարձել

ՄՄայա Խաչատրյան

400 օր անց, մի քանի օրով Նաիրի Ամիրյանն իջել է դիրքից: Զինծառայության մեկ տարին դեռ չէր լրացել, Արցախում պայթեց պատերազմը:

Հայկանդուխտ Ղազարյան, Աշտարակի Սուրբ Աստվածածին եկեղեցու աշխատակից - Ո՞նց չեմ ճանաչում, այն կտրված ձայնով տղան:

Նաիրի Ամիրյան, 44-օրյա պատերազմի մասնակից - Նշանաթիվ՝ 208, հիշում եմ, որ ձայնս դուրս չէր գալիս:

Երբեմն այնքան էր կտրվում ձայնը, նշանաթիվը հաշվարկի տղաներն էին հնչեցնում: Պատերազմի աղմուկը խզել էր զինվորների ձայնը, բայց նահանջի առիթ չէր տվել: Նրանց կյանք ու կռիվը քաղաքի, հայրենիքի, ընտանիքի համար էր:

Շենքը հարուստ է հերոսներով՝ պատշգամբից ժպիտով նշում են պատերազմից տուն եկած զինվորին դիմավորող հարևանները: Նրանցից մեկն Ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի այրին է: Նաիրին ամեն օր հերոսի հայացքի ուղեկցությամբ է դպրոց գնացել:

Նաիրի Ամիրյանն Արցախյան ազատամարտի դասը լավ էր սովորել. նրա կռիվը ռազմաճակատի ամենաթեժ՝ Մեխակավանի ուղղությամբ էր: Ժամկետայինը մի քանի ժամ է, ինչ տանն է, անպայման գնալու է Եռաբլուր, որտեղ հանգչում է ամենամոտ ընկերներից Ալբերտ Հովհաննիսյանը:

Նաիրի Ամիրյան - Հարազատի նման եմ եղել, միշտ սիրել եմ: Շատ եմ հարգել, դաստիարակված էր:

Հայացքը հաջողության խորհրդանիշին՝ մայրը 44 օր աղոթել է ռազմաճակատում կռվող որդու ու նրա ընկերների համար:

Արմինե Ամիրյան, Նաիրի Ամիրյանի մայրը - Հավատով սպասել եմ, որ Նաիրիս կենդանի է մնալու, դրանից զորեղ ուժ չկա:

Նաիրին պատերազմի մասին չի սիրում շատ խոսել: ԱյԹի ինժեներ կուզեր դառնալ: Իրենց պայքարի մասին երգեր են գրվել, դեռ չի լսել:

Նաիրի Ամիրյան - ՕԳԳ-ն 15-20 տոկոսով բարձրանում է երաժշտության շնորհիվ: Բանակում, եթե երաժշտություն լիներ, ինժեներական աշխատանքներն ավելի լավ կընթանային:

208 կանչող զինվորի մասին շատերն են անհանգստացել, հետաքրքրվել՝ որտեղ է, ինչպես է: Թիկունքից ոգի տվողներից մեկն էլ փոքրիկ Մարիան էր՝ իրեն նամակ գրած դպրոցականը:

Հրետանու հրամանատարը մի քանի օրից Արցախ կվերադառնա՝ իրեն վստահված դիրքն ամուր պահելու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում