Մեծ ջանքեր ենք գործադրում ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձի համար. Պուտին

ԴԴավիթ Մուրադյան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն անդրադարձել է նաև տեղահանվածների և փախստականների վերադարձի, ինչպես նաև մարդասիրական օգնության տրամադրման, Արցախի տարածքի ականազերծման հարցերին: 

«Մենք մեծ ջանքեր ենք գործադրում ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձի համար: Նոյեմբերի 14-ից Ղարաբաղ է վերադարձել 48 հազարից ավելի մարդ: Ռուսաստանի միջնորդությամբ տեղի է ունեցել նաև գերիների և աճյունների փոխանակում»,- ասել է Կրեմլի ղեկավարը:

Նա Արցախում գործող հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնի գործունեությունը համարել է արդյունավետ և նշել, որ կենտրոնի գործողությունների շրջանակում երկրների փորձագետները լուծում են բնակավայրերում կյանքը բնականոն հուն վերադարձնելու, ավերված ենթակառուցվածքների վերականգնման, պատմամշակութային և հոգևոր կոթողների պահպանության հարցերը: ՌԴ ղեկավարը նաև ասել է, որ կենտրոնի մասնագետները վերականգնում են էլեկտրականությունը և գազամատակարարումը: 

«Ռուսաստանից հակամարտության գոտի է տեղափոխվել 800 տոննայից ավելի շինանյութ, ընդհանուր՝ ավելի քան 1,5 միլիոն տոննա մարդասիրական օգնություն: Բնակչությունը ստանում է բուժօգնություն: Պայթուցիկ նյութերից մաքրվել է 479 հեկտարից ավելի տարածք, ստուգվել է 182 կմ ճանապարհ, 710 շենք-շինություն: Հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան 22 հազար պայթյունավտանգ առարկա»,- եզրափակել է Վլադիմիր Պուտինը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում