Առաջարկել եմ, որ Արցախին և բնագծերի ճշգրտմանն առնչվող տեղեկությունները կառավարվեն մեկ կենտրոնից. Մակունց

ՆՆարե Ոսկանյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Լուրերի» հետ զրույցում, անդրադառնալով «մեդիատեռոր» ասվածին ու լրատվական դաշտում ստեղծված իրավիճակին, հայտնեց, որ այն կեղծ տեղեկատվությունը, որն անդադար հրամցվում է ՀՀ քաղաքացիներին, միանշանակ սպառնալիք է ՀՀ անվտանգությանը: 

«Երեկ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է այս թեման բավականին մանրամասն: Առաջարկվել են մեխանիզմներ, թե ինչպես կարելի է դա կանխել: Սա մտահոգում է ոչ միայն իշխանական խմբակցությանը, այլ նաև ընդդիմությանը, և այստեղ ուժերը համադրելու կարիք կա: Չի բացառվում նաև, որ դրան նպաստում է ադրբեջանական կողմը: Չի բացառվում, որ այնտեղից նույնպես ինչ-որ սուտ թեմա է գցվում ասպարեզ, որը սկսվում է առանց ճշտելու, առանց պաշտոնական հերքման կամ հաստատման շրջանառվել: Պետք է խնդրեմ, առաջարկեմ և հորդորեմ, որ հետևենք միայն պաշտոնական լրատվությանը: Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես «Իմ քայլը» խմբակցության անունից առաջարկել եմ, որպեսզի միակենտրոն կառավարում լինի մեդիահոսքերի: Այսինքն՝ այն տեղեկատվությունը, որն առնչվում է Արցախում իրավիճակին, բնագծերի ճշտմանը, պարզաբանի մեկ անձ, և դա կլինի պաշտոնական տեղեկատվություն»,- ասաց Մակունցը: 

Լիլիթ Մակունցի խոսքով՝ սա կարևոր է նաև այն առումով, որ բնագծերի ճշտման հետ կապված նաև որոշակի բանակցություններ են գնում, և չափազանց կարևոր է զսպվածություն դրսևորել և այն գիտակցումն ունենալ, որ չճշտված խոսքը, չհիմնավորված խուճապը կարող են խնդիրներ առաջացնել մեր պետության, Արցախի, մեր հայրենակիցների համար:

Անդրադառնալով հարցին՝ գուցե հակադարձեն, որ 44 օր մեկ կենտրոնից տեղեկատվություն են ստացել, բայց հետո պարզվել է, որ այն իրականությանը չի համապատասխանում՝ Մակունցն ասաց.

«Դրա հետ կապված արդեն պարզաբանումներ հնչել են: Տեղեկատվությունը պատերազմի ժամանակ փոխանցվում է պաշտպանության նախարարության վերահսկողության ներքո և տեղեկատվությունը տրամադրվում է պատերազմական կանոններին համապատասխան: Մնացյալն արդեն պետք է մանրամասն վերլուծելու, քննարկելու առարկա լինի մեր քաղաքացիների համար»: Նա նշեց, որ գերատեսչությունները՝ լինի ԱԳՆ-ն, ՊՆ-ն, պետք է որոշում կայացնեն՝ թե՛ խոսնակների մակարդակով, թե՛ այլ ձևաչափով ներկայացնեն հավաստի տեղեկություն: 

Մակունցը շեշտեց, որ մեկ օրվա մեջ անասելի թվով կեղծ լուրեր հանրությանը հրամցնելը, լրատվություն ապահովելն անընդունելի են: «Այնպիսի տպավորություն է, որ բավականին համակարգված կեղծ լուրերի մեդիագրոհ է տեղի ունենում»,- ընդգծեց Մակունցը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում