Քաղաքական որևէ պատճառ չի կարող ազդել մարդու իրավունքների պաշտպանության վրա. Թաթոյան

ՎՎահե Դավթյան

Հայաստանը ՀԱՊԿ-ին կդիմի, եթե լինի դրա կարիքը: Սա չի նշանակում, որ կառույցի հետ Հայաստանը չի աշխատում: Պարբերաբար տեղեկատվություն է փոխանակվում նաև առաջին դեմքերի մակարդակով:

Շավարշ Քոչարյան (ՀՀ արտաքին գործերի փոխնախարար) - Նախ մենք պետք է դիմենք ՄԱԿ-ին, որով ֆիքսում ենք, որ մեր դեմ ագրեսիա է, և մենք համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության՝ ինքնապաշտպանության ենք դիմում, դիմում ենք նաև ՀԱՊԿ-ին: Այդ բոլորը կանոնակարգված է:

Սեպտեմբերի 27-ից Հայաստանին ևս ռազմաօդային հարվածներ են հասցրել, տուժել է խաղաղ բնակչությունը: Մարդու իրավունքների պաշտպանը Ադրբեջանի ագրեսիան բնորոշում է խաղաղ բնակչության էթնիկ զտում և ահաբեկչական մեթոդների խրախուսում:

Արման Թաթոյան (ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան) - Սոթք, Մասրիկ, Շատվան, Կութ, Շատջրեք, համայնքները՝ էստեղ մենք փաստահավաք աշխատանքներ ենք արել սեպտեմբերի 29-ի հարվածներից հետո, ստիպված եղանք ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով դադարեցնել, հետո ավարտեցինք:

Թշնամին կիրառում է միջազգային իրավունքով արգելված կասետային զինատեսակներ: Ահաբեկիչների առկայությունը ևս միջազգայնորեն հաստատված փաստ է: Կատարում են պատերազմական հանցագործություններ, տեսաուղերձներով նշում՝ ահաբեկչությունները շարունակելու են այլ երկրներում:

Արման Թաթոյան - Այս հսկայածավալ ատելության պայմաններում սրանք պարարտ հող են ստեղծում լրացուցիչ դաժանությունների և վայրագությունների համար:

Զինված հարձակումներ են եղել նաև Սյունիքի Երիցվանք և Արծվանիկ համայնքների ուղղությամբ: Փաստերն ամբողջությամբ ներկայացրել են միջազգային կառույցներին: Վայրագությունների, դաժանությունների շարունակությունը հետևանք է նրա, որ միջազգային կազմակերպությունները հրաժարվում են այցելել Արցախ:

Արման Թաթոյան - Եթե պետք է գան Հայաստան՝ մեզանից իմանան, թող չգան, իրենք եթե գալու են, պիտի գնան Արցախ, տեսնեն դաժանությունները, ավերածությունները:

Բարձր մակարդակով ՄԱԿ-ում, այլ մարմիններում հայտարարվող՝ «ոչ ոք չպետք է դուրս լինի եզրագծից, ոչ ոք չպետք է անտեսվի և մեկուսացվի» սկզբունքը մարդուն կյանքում պաշտպանող սկզբունք է, ոչ թե պատրանք: Թաթոյանը միջազգային կառույցներին հիշեցնում է՝ պետք է ապացուցել՝ քաղաքական որևէ պատճառ չի կարող ազդել մարդու իրավունքների պաշտպանության վրա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում