Թշնամուն զինադադար ստիպելու մեկ ճանապարհ կա՝ պարտադրել զինադադար. Արցախի նախագահ

ՎՎահե Դավթյան

Պետք է շարունակել ապրել՝ պատվով, հրաժարվելով անպատիվ ապրելու իրավունքից: Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկչության կողմից Արցախի և հայ ժողովրդի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմը շարունակվում է: Պաշտպանության բանակը հերոսաբար է դիմադրում՝ թշնամուն պատճառելով մարդկային և զինտեխնիկայի ահռելի կորուստներ:

Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - «Հատուկ ուզում եմ ընդգծել հայրենիքի պաշտպանության գործում մեծ ներդրում ունեցած և պատերազմական հարուստ փորձ ունեցող մեր մարտական ընկերների մասնակցությունը, ինչպես նաև մեր ժամկետային հերոս երիտասարդներին»:

Գնահատելի են Ռուսաստանի, միջազգային հանրության ջանքերը պատերազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ: Արցախը պատրաստ է առանց նախապայմանների ստանձնել հումանիտար պատասխանատվությունը: Բայց Մոսկվայում եռակողմ հանդիպումը և հայտարարությունը՝ հումանիտար հրադադարի, հետագայում վերսկսել բանակցությունները, Ադրբեջանը նույնիսկ մեկ ժամ չպահպանեց:

Արայիկ Հարությունյան - «Հակառակորդը հակառակը՝ օգտվելով առիթից, հայտարարության հաջորդ օրվանից սկսել է ավելի հուժկու մարտական գործողությունները ճակատի ամբողջ երկայնքով»:

Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ ունենալ առավելություններ, ճակատը տեղափոխել ավելի խոր տարածքներ: Թշնամուն զինադադար ստիպելու մեկ ճանապարհ կա՝ պարտադրել զինադադար:

Արայիկ Հարությունյան - «Հակառակորդն ընտրել է այլ ճանապարհ՝ ընտրել է ոչ թե Ղարաբաղյան խնդրի լուծման, այլ բնաջնջելու արցախահայությունը, հետո՝ հաջողության դեպքում, Հայաստանը. այդ ձեռագիրը տեսնում ենք»:


Արցախի նախագահը հիշեցրեց 92-94 թթ. Գանձասարում, Ասկերանում, Մարտունիում ծավալված մարտերը: Հաջողվել է հաղթել, քանի որ բոլորը հավատում էին: Այսօր էլ հավատում ենք և հաղթելու ենք: Ճանապարհը համախմբվելն է:

Արայիկ Հարությունյան - «Մեզ պետք է միավորվել, և ամենակարևորը՝ մասնակցել մարտական գործողություններին: Ակնկալում եմ իմ եղբայրների ակտիվ մասնակցությունը, սփյուռքում ապրող ղարաբաղցիներին, Հայաստանում ապրող իմ եղբայրներին. օրհասական պահն է այսօր»:

Հայրենիքը պահել-չպահելու, պատվով ապրելու պահն է: Արցախի նախագահը կոչ արեց՝ նյութական օգնությանը զուգահեռ, նաև՝ ֆիզիկական մասնակցությամբ նպաստել վերջնական հաղթանակին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում