Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը լավագույն պատասխանը կլինի Ադրբեջանի ագրեսիային. Մայիլյան

ՀՀռիփսիմե Ղազարյան

Ադրբեջանի ագրեսիայի մասին խոսել ենք ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ, տեղեկացված են նաև ԵԱՀԿ Մինսկի համանախագահները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը: 

«Ադրբեջանական կողմը մշտապես դիմել է ագրեսիվ գործողությունների, սակայն միշտ` ապարդյուն: Համոզված ենք, որ այս անգամ ևս հաղթանակը մերն է լինելու: Ակտիվ աշխատանքներ ենք տարել օրվա ընթացքում, աշխատել ենք տարբեր միջազգային կառույցների հետ: Իրազեկել ենք իրավիճակի մասին, նպատակ ենք ունեցել, որպեսզի արտերկրում գտնվող մեր գործընկերները տեղյալ լինեն, թե ով է նախաձեռնել այս ագրեսիան: Գործընթացը մինչև հիմա էլ շարունակվում է:

Միջազգային արձագանքը եղել է շատ բուռն: Հիմնական կոչն այն է, որ պետք է կանգնեցնել պատերազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների, այսինքն` հարցը լուծել խաղաղ ճանապարհով: Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում և պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»,- նշեց Մայիլյանը: 

Նրա խոսքով` բոլոր կոչերը խաղաղասիրական են և ուղղված են կայունության հաստատմանը: 

«Կարող ենք առանձնացնել միայն Թուրքիային, որն ագրեսիվ և միակողմանի հայտարարություններով է հանդես եկել` Ադրբեջանի օգտին: Թուրքիայի ներգրավվածությունը լի է վտանգավոր տարրերով և պատահական չէ` կան կոչեր, որ պետք է զսպել ոչ միայն Ադրբեջանին, այլև Թուրքիային: Սա էականորեն կարող է փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում:

Շատ կարևորում ենք և համարում ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կլինի այն զսպող քայլը, որը կարող է լավագույն պատասխանը լինել Ադրբեջանի այս հերթական լայնածավալ ագրեսիային»,- նշեց ԱԳ նախարարը: 
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում