Բազմաթիվ ապացույցներ այս պահին էլ կան, ապագայում էլ կհրապարակվեն, որ նախահարձակ կողմը Ադրբեջանն է եղել. ԱՀ ՄԻՊ

ՆՆարե Ոսկանյան

ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Ադրբեջանի իրականացրած լայնածավալ հարձակմանը, ընդգծեց, որ այդ գործողությունները միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներ են:

Նա շեշտեց, որ այդ խախտումները պետք է պատշաճ գնահատական ստանան միջազգային հանրության, խոշոր պետությունների, գերտերությունների, նաև միջազգային կազմակերպությունների կողմից:

«Իմ կոչն է միջազգային հանրությանը, որ առանց աչք փակելու հստակ կերպով արձանագրեն այս խախտումները և իրենց բոլոր լծակներով ազդեն հակառակորդի՝ Ադրբեջանի վրա, որպեսզի վերջ տան մարդու իրավունքների զանգվածային խախտումներին: Իհարկե, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը և հայկական զինված ուժերը իրենցից կախված ամեն ինչ անում են և դիրքերում ամուր կանգնած են, համոզված եմ, բայց այս ռազմական գործողությունները երկու կողմերի համար էլ հումանիտար մեծ աղետի պատճառ կարող են դառնալ. արդեն այդ աղետն այսօր սկսվել է»,- ասաց Բեգլարյանը:

ԱՀ ՄԻՊ-ը կոչ արեց տարածաշրջանի կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված բոլոր ուժերին, որ առավելագույնն անեն պատերազմական գործողութունները դադարեցնելու և համապատասխան իրավական ու քաղաքական գնահատական տալու Ադրբեջանի գործողություններին:

«Բազմաթիվ ապացույցներ այս պահին էլ կան, ապագայում էլ կհրապարակվեն, որ նախահարձակ կողմը Ադրբեջանն է եղել, որքան էլ իրենք փորձում են ցույց տալ, թե հակահարձակման են անցել, բայց բազմաթիվ ապացույցներ հակառակի մասին են խոսում:

Հաջորդ իմ կոչը միջազգային իրավապաշտպան կառույցներին է ուղղված, որ բավարար է, որ քաղաքականացված հիմքով չեք ցանկանում անդրադառնալ Արցախի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությունում ապրող մարդկանց իրավունքներին, չեք ցանկանում այցելել Արցախի Հանրապետություն, և նաև այս անտեսման պատճառով է, որ Ադրբեջանն իրեն ազատ է զգում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ իրականացնելու ճանապարհին»,- ասաց Բեգլարյանը՝ դիմելով բոլոր իրավապաշտպան կազմակերություններին՝ հորդորելով օր առաջ այցելել Արցախ և փաստահավաք առաքելություն  իրականացնել, միջազգային հանրությանը ներկայացնել, թե ինչ է կատարվում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում