Հակառակորդը շարունակում է ինտենսիվ կրակ վարել շփման գծի ամբողջ երկայնքով. Պողոսյան

ՆՆարե Ոսկանյան

Սահմանային հատվածում ակտիվ ռազմական գործողություններից բացի  հակառակորդը թիրախավորել է Արցախի խաղաղ բնակչությանը, քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, նաև Շուշին: Այդ մասին ասուլիսի ընթացքում հայտնեց ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:

Նա տեղեկացրեց, որ արդեն հրապարակվել են կադրերը, որտեղ երևում են այն ավերածությունները, որոնք այդ հրետակոծության հետևանքով տեղի են ունեցել: Պողոսյանի խոսքով, ցավոք, քաղաքացիական բնակչության շրջանում տասնյակ վիրավորներ կան և երկու արդեն հաստատված զոհ՝ Մարտունի քաղաքից, որից մեկը 9 տարեկան աղջնակ է: Նա հայտնեց նաև, որ այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է ինտենսիվ  կրակ վարել շփման գծի ամբողջ երկայնքով:

«Քիչ առաջ հակառակորդի կողմից տարածված այն հայտարարությունը, թե իբրև մի քանի բնակավայրեր են կարողացել գրավել, ապատեղեկատվություն է. այդպիսի բան չկա: Պաշտպանության բանակը լիովին վերահսկում է իրավիճակը: Հանրապետության նախագահն արդեն հայտարարել է ռազմական դրություն և զորահավաք: Վաղ առավոտյան տեղի է ունեցել ԱԺ արտահերթ նիստ»,- ասաց Պողոսյանը:

Նա շեշտեց, որ բոլոր ջանքերը պետք է գործադրել, որպեսզի այդ իրավիճակը  պատվով հաղթահարվի: Նշեց, որ արդեն բազմաթիվ զանգեր ունեն ինչպես ՀՀ-ից, այնպես էլ Սփյուռքի տարբեր գաղթօջախներից:

«Բոլորին կոչ ենք անում համազգային մոբիլիզացիա իրականացնել, որպեսզի  կարողանանք ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ հաղթանակով դուրս գալ այս իրավիճակից»,- ասաց Վահրամ Պողոսյանը:

Նա նաև հայտնեց, որ ժողովրդի շրջանում որևէ խուճապ չկա: «Իհարկե, բոլորը հիմնականում գտնվում են ապաստարաններում, քանի որ, ինչպես նշեցի, հակառակորդը  այս անգամ թիրախավորել է  նաև  խաղաղ բնակչությանը, դա կատարում է լկտիությամբ  և, կապված տեղեկատվական, քարոզչական աշխատանքների հետ, մենք առավոտյան արդեն ձևավորել ենք միասնական տեղեկատվական շտաբ՝ Պաշտպանության բանակի ներքո, և իրականացնում ենք  համակարգված աշխատանք»,- ասաց Պողոսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում