Մեզ ժողովրդով վախեցնելն ու ժողովրդի հետ կապված խոսակցություններ առաջ բերելը ճիշտ չէ. Ալեն Սիմոնյան

ՀՀռիփսիմե Ղազարյան

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել ընդլայնված նիստ, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստն անցկացվել է պատգամավորներ-կառավարության անդամներ համատեղ քննարկման ձևաչափի շրջանակներում:

Նիստից հետո լրագրողների հետ զրուցել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նրա խոսքով` քննարկվել են կառավարման ձևերին վերաբերվող օրակարգային հարցեր, այլ հարցեր չեն քննարկվել: 

Անդրադառնալով ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Հայրենիք» կուսակցությունների հոկտեմբերի 8-ին կայանալիք հանրահավաքին, Սիմոնյանն ասաց, որ խիստ մտահոգված է` հաշվի առնելով համաճարակային իրավիճակը: 

«Վերջին օրերին թվերի աճ ունենք, և նման միջոցառումը տարբեր հետևանքներ կարող է ունենալ: Մտահոգություն ունեմ, որ կունենանք թվերի աճ: Ինչ վերաբերում է նրանց պահանջներին, ազատ են իրենց պահանջների և քաղաքական գործունեության մեջ:

ՀՀ քաղաքացիները լավ գիտեն թե Դաշնակցության անցած ճանապարհը, թե ԲՀԿ-ի, շատ լավ գիտեն այն գնահատականները, որոնք հնչում են և այն տեղեկությունները, որոնք կան «Հայրենիք» կուսակցության հետ կապված: 

Առկա հանրահավաքը եռյակի պարագայում ունի իր անձնական շահագրգռվածությունը: ԲՀԿ-ի պարագայում` Գագիկ Ծառուկյանի անձի շուրջ քրեական գործերի մասով քաղաքական ապաստարան ձևավորելու միտումն է, Դաշնակցության պարագայում` քաղաքականության մեջ ռեստարտի փորձ անելն է, որը չի ստացվում, Արթուր Վանեցյանի պարագայում մեկնաբանություններից զերծ կմնամ»,- ասաց Ալեն Սիմոնյանը: 

Նրա խոսքով` հին ֆորմատի տրամաբանությամբ գործելը մշտապես վնասելու է այդ երեք ուժերին: ՀՀ իշխանությունն ուղիղ կապի մեջ է քաղաքացիների հետ, լսում է նրանց դժգոհությունները, մտահոգությունները և հարկ եղած դեպքում փորձում է շտկել իրավիճակը: 

«Մեզ ժողովրդով վախեցնելն ու ժողովրդի հետ կապված խոսակցություններ առաջ բերելը ճիշտ չէ»,- ասաց Ալեն Սիմոնյանը: 

Անդրադառնալով Միքայել Մինասյանի գտնվելու վայրի մասին, Ալեն Սիմոնյանը նշեց.

«Ասվել է, որ Սոչիում է, սակայն սա իրավական գործընթաց է, երկիրը պետք է հանձնի, չենք կարող գողանալ բերել, եթե նույնիսկ գիտենք հասցեն: Դիվանագիտական խողովակներով գործընթաց է սկսվում, եթե կա կալանքի որոշում»: 

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում