ԱԺ-ն մերժեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնանկության հարցը բարձրացնելու առաջարկը

ԱԱրման Գալոյան

Խորհրդարանը 35 կողմ, 84 դեմ ձայներով մերժեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որ ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Կողմ քվեարկեցին միայն ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը», իսկ «Իմ քայլը» դեմ էր:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ինչո՛ւ նախարարը չի եկել քվեարկությանը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ նախարարն իր հետ կապ է հաստատել: «Եվ ես ասել եմ, որ գալու կարիք չկա՝ հարցի ցանկացած լուծման դեպքում: Ցանկացած դեպքում նախարարին այս սեպտեմբերյան օրերին գործից կտրելն իմ պատասխանատվությամբ համարել եմ ոչ նպատակահարմար»,- ասաց Միրզոյանը:

«Բարգավաճ Հայաստանը» հայտնել էր՝ միանում են ԼՀԿ-ի առաջարկին: ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթում ասաց, թե իրենք բացարձակ անհարիր են համարում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ նախօրեին ԱԺ ամբիոնից հնչեցրած ավարտական հատվածը: «Մենք վերահաստատում ենք, որ Հարությունյանի պաշտոնավարման նպատակահարմարությունը չենք տեսնում»,- նշեց նա:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շեշտեց. «Ամիսներ շարունակ հետևողական սուտ և կեղծ տեղեկատվություն տարածողները բարեկրթության մասին գնահատականներ տալիս առաջին հերթին պետք է տան իրենց խմբակցության շատ կոնկրետ պատգամավորի՝ Գևորգ Պետրոսյանին, որն ընդհանրապես որևէ բարեկրթության սահման և նորմ չի պահպանում՝ տարածելով կեղծ և սուտ տեղեկատվություն»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում