Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայում բնակվող և գործունեություն ծավալող յոթ քաղաքացու նկատմամբ՝ Բաքվի դեմ հրապարակային կոչեր անելու և կրոնական թշնամանք հրահրելու մեղադրանքով: Ստամբուլում էլ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության տարածքում անվտանգության ուժեղացված ռեժիմ է հայտարարվել, թուրքական ոստիկանության զինված ջոկատներն այնտեղ շուրջօրյա հսկողություն կիրականացնեն:
Նշվում է , որ անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են Գլխավոր Հյուպատոսության շենքի դիմաց բողոքի ակցիաներից հետո: Օրերս Ադրբեջանում դպրոցական համազգեստի նոր պահանջների դեմ բողոքի ակցիաներ էին, Բաքվի որոշ դպրոցներում հիջաբով աշակերտուհիներին թույլ չէին տվել մասնակցել դասերին, ինչից հետո մյուս աշակերտները հրաժարվել էին հաճախել դպրոց: Ցույցեր էին անցել նաև Թուրքիայում, բողոքի ակցիայի մասնակիցները դատապարտել էին Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը, նաև Իսրայելի հետ սերտ հարաբերությունները:
Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալն էլ անընդունելի էր որակել գլխաշոր կրող աշակերտուհիների՝ կրթություն ստանալու իրավունքի սահմանափակումը։ Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը կոչ է արել թուրքական կողմին՝ չմիջամտել երկրի ներքին գործերին: Բաքվից նաև հայտարարել են, որ Հանրապետության վրա հիբրիդային լայնածավալ հարձակում է իրականացվում բարեկամ և հարևան երկրների տարածքից: Թե որ երկրի մասին է խոսքը, չի հստակեցվել:
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում:












