Հայ-ղազախական համագործակցության հեռանկարները մեծ են

ՎՎարդան Հովսեփյան

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու ժողովուրդները, ունենալով ընդհանուր պատմություն, միասին ապրել են Ռուսական կայսրության, Խորհրդային Միության ժամանակաշրջաններում, իսկ այսօր՝ Եվրասիական համագործակցության շրջանում: 

«Մեր ֆիզիկական ճանապարհները շատ մոտ էին, քանի որ կար Մետաքսի ճանապարհը, որն անցնում էր Ղազախստանով և Հայաստանով: Հայերը միշտ եղել են այդ ճանապարհին»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Բարձր գնահատելով Ղազախստանի ղեկավարության վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ՝ Հայաստանի նախագահն ասել է, որ հայերը Ղազախստանում իրենց զգում են ինչպես տանը, ինչը հաստատվել է նաև նրանց հետ իր հանդիպումների ժամանակ:

Դարիգա Նազարբաևան նախագահ Սարգսյանին է փոխանցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և նշել, որ հաջորդ տարի նախատեսվում է նրա պաշտոնական այցը Հայաստան: 

«Վստահ եմ, որ այն նոր, ավելի նշանակալից փուլ կբացի մեր երկրների հարաբերություններում»,- ասել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահը:

Դարիգա Նազարբաևան նույնպես ընդգծել է Ղազախստանի հայ համայնքի կարևոր դերը՝ նշելով, որ նրանք ակտիվ գործարարներ են, աշխատում են մշակույթի ոլորտում, պետական կառույցներում, իսկ խորհրդարանն ունի հայկական սփյուռքը ներկայացնող պատգամավոր:

Նախագահ Արմեն Սարգսյանը կարևոր է համարել երկխոսությունը նաև միջխորհրդարանական մակարդակով: Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահն իր հերթին նշել է, որ միջխորհրդարանական հարաբերությունները զարգանում են շատ լավ դինամիկայով:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ համագործակցության հեռանկարները մեծ են, և դրանք պետք է զարգացնել տարբեր ուղղություններով: Կարևորելով տնտեսական փոխգործակցության ակտիվացումը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ առկա ցուցանիշները զիջում են իրական ներուժին: Փոխգործակցության հեռանկարային ուղղությունների շարքում նա նշել է տեղեկատվական և նորագույն տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, մշակույթի, գիտության ոլորտները, կարևորել երիտասարդների փոխանակման ծրագրերն ու երիտասարդական կազմակերպությունների համագործակցությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում