Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հետ

ՎՎարդան Հովսեփյան

Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Մոնակոյում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ: ԱԳ նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշել է, որ նախարարական այս համաժողովը ևս մեկ պատեհ առիթ է՝ հանդիպելու ֆրանկոֆոն մեծ ընտանիքին, քննարկելու կազմակերպության առջև ծառացած մարտահրավերները և ուղենշելու համագործակցության հեռանկարները: 

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովի և համաժողովի թեմայի՝ «Հաշտեցնել մարդկությանը և մոլորակին. հեռանկարներ ֆրանկոֆոն տարածքում ՖՄԿ 50-ամյակի նախօրեին» խորհրդին՝ ընդգծելով վերջինիս արդիականությունը ֆրանկոֆոն ընտանիքի համար:

Երկուստեք կարևորվել է ՖՄԿ-ի՝ որպես կառույցի դերի և կշռի ամրապնդման և միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը «Ապրել միասին»-ի հիմքում ընկած խաղաղության, համերաշխության, երկխոսության մշակույթի, հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի սկզբունքներին և պատրաստակամությունը՝ հետևողականորեն շարունակելու իր ավանդն ունենալ կազմակերպության արդիականացմանն ու դրա միջազգային դերի առավել ամրապնդմանն ուղղված գլխավոր քարտուղարի և անդամ պետությունների կողմից գործադրվող ջանքերին: 

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ՖՄԿ-ի 50-ամյա հոբելյանի  կապակցությամբ նախատեսվող միջոցառումների շուրջ, ինչպես նաև քննարկել են միջազգային հարթակներում իրականացվելիք գործողությունները՝ ուղղված բիզնեսի, մշակույթի և այլ բնագավառներում համագործակցությանը։

Որպես կազմակերպության առաջնահերթություն ընդգծվել է նաև երիտասարդության առավել լայն ներգրավվածությանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը, կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հնարավորությունների խթանումը, բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտների զարգացմամբ տնտեսության խթանումը՝ ուղենշելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում