ԼԼիլիթ Ասատրյան

«Սովորելու ու արժևորելու շատ բան ունենք»․ բացվել է հայ կինոյի նվիրյալ Դանիել Դզնունու անվան հուշասալիկը

«Սովորելու ու արժևորելու շատ բան ունենք»․ բացվել է հայ կինոյի նվիրյալ Դանիել Դզնունու անվան հուշասալիկը

 «Մոսկվա» կինոթատրոնի աստղերի ճեմուղին այսօր հարստացել է ազգային կինոյի նվիրյալներից մեկի՝ Դանիել Դզնունու անունը կրող աստղը հավերժացնող հուշասալիկով։ Դզնունին համարվում է հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը և Համո Բեկնազարյանի հետ միասին՝ իր անմնացորդ նվիրումով նպաստել է հայկական կինոյի կայացմանը:

Հուշասալիկի բացման արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը, գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը և այլք։ Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է հայ կինոյի երախտավորներին հարգանքի տուրք մատուցելու այս գեղեցիկ ավանդույթը։

««Ոսկե ծիրան» կինոփառատոնի ամենակարևոր իրադարձություններից մեկը, թերևս, հայ կինոյի երախտավորներին նվիրված աստղերի բացումն է, որը լրացուցիչ հարգանքի տուրք է այն գործին, ժառանգությանն ու փորձին, որը բոլորս պետք է շարունակենք կիսել, տարածել և զարգացնել։ Շատ ուրախ եմ, որ այսօր ունենք հնարավորություն՝ հիշելու Դանիել Դզնունուն, գնահատելու նրա ավանդը հայ կինոյի պատմության մեջ, որովհետև մեկ բան է այդ մասին խոսելը, մեկ այլ բան է պատկերացնելը, թե ինչպես է ցեղասպանությունից, պատերազմից հետո այդ բարդ ժամանակներում մարդկանց մտքով անցել զարգացնել կինոն ու կինոարտադրություն սկսել․․․ այն ժամանակներում, երբ խանգարող հանգամանքները շատ էին։

Այսօր էլ հեշտ ժամանակներ չենք ապրում և «Ոսկե ծիրան» 20-րդ կինոփառատոնն անցկացնում ենք բազմաթիվ անորոշությունների, անհանգստությունների և մարտահրավերների շրջանում։ Կարծում եմ, որ կարիք ունենք հետ նայելու և տեսնելու, թե ինչպես են Դանիել Դզնունին և մեր մյուս երախտավորներն այդ դժվարին օրերին առաջ տարել զարգացման օրակարգը։ Սովորելու ու արժևորելու շատ բան ունենք․ դա կօգնի մեզ այսօրվա դժվարությունները ևս հաղթահարել»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարը, շնորհավորելով կինոփառատոնի կայացման առթիվ, ընդգծել է` արդեն կարող ենք մտածել 21-րդ կինոփառատոնի մասին, որտեղ առաջ գնալու և արդեն իսկ արվածը զարգացնելու հնարավորություններ են բացվում։

Կինոգետ Դավիթ Մուրադյանը, անդրադառնալով Դանիել Դզնունու վաստակին, փաստել է՝ կյանքը հաճախ անարդար է գտնվել ազգային կինոյի հիմնադիրներից մեկի նկատմամբ․

«Դանիել Դզնունին հայ կինոյի պատմության մեջ անգնահատելի ավանդ ու անջնջելի վաստակ ունի․ այսօր դրա պատասխանն այս աստղն է, որը միանգամայն արժանի է այդ անունին։ Դանիել Դզնունին այն արվեստագետներից էր, որը երբեք չի ընկրկել դժվարությունների առջև»։

«Ոսկե ծիրանն» այսoր ավարտում է իր հոբելյանական՝ 20-րդ փառատոնի աշխատանքը: Ամփոփելով կինոփառատոնը՝ Հարություն Խաչատրյանն ընդգծում է՝ այն Հայաստանն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու ևս մեկ հարթակ էր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում