ԷԷլեն Պետրոսյան

Դեսպան Խաչատրյանը ԵԽ Նախարարների կոմիտեին հորդորել է հստակ քայլեր ձեռնարկել ԵԽԽՎ-ում բարձրացված խնդիրները հասցեագրելու համար

Դեսպան Խաչատրյանը ԵԽ Նախարարների կոմիտեին հորդորել է հստակ քայլեր ձեռնարկել  ԵԽԽՎ-ում բարձրացված խնդիրները հասցեագրելու համար

Հունիսի 28-ին տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հերթական հանդիպումը, որին Հայաստանի պատվիրակությունը բարձրացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հարցը։

 

ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը նախ ներկայացրել է հունիսի 28-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի կոպիտ խախտումները և սադրիչ գործողությունները, որի հետևանքով չորս զինվոր է զոհվել։

 

Ընդգծվել է, որ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը, միջանցքում բետոնե պատնեշների տեղադրումը, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումը, ատելության խոսքի և սպառնալիքների միջոցով ԼՂ խաղաղ բնակչության ահաբեկումը միանգամայն վկայում են, որ Ադրբեջանը հետևողականորեն փորձում է էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում։

 

Դեսպան Խաչատրյանը Նախարարների կոմիտեին է ներկայացրել հունիսի 22-ին ընդունված «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» ԵԽԽՎ բանաձևը, որով Վեհաժողովն ահազանգում է, որ, ներկա իրավիճակը կայուն չէ և կարող է հանգեցնել նրան, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ստիպված լինի լքել իրենց տներն ու համայնքները։ Ընդգծել է, որ Վեհաժողովը կոչ է անում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով հրատապ հասցեագրել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը, ինչպես նաև Վեհաժողովը պահանջում է հնարավորինս արագ կազմակերպել Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելություն։
 

Մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը նշել է, որ Լաչինի միջանցքի հարցով Նախարարների կոմիտեին հասցեագրված ԵԽԽՎ խորհրդատվությամբ՝ Վեհաժողովը Նախարարների կոմիտեի ուշադրությունը հրավիրում է Ադրբեջանի միակողմանի գործողությունների արդյունքում ստեղծված Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերին առնչվող հումանիտար և մարդու իրավունքների ճգնաժամի վրա։

 

Հորդորել է Նախարարների կոմիտեին հստակ քայլեր ձեռնարկել՝ ԵԽԽՎ խորհրդատվությամբ բարձրացված խնդիրները հասցեագրելու և Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների կանխամտածված այս ճգնաժամին արձագանքելու համար:

 

ԵԽ նախարարների կոմիտեի հանդիպմանը տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում ԵԽԽՎ նախագահ Թինի Քոկսի և Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։ Հայաստանի պատվիրակությունն ընդգծել է ԵԽԽՎ և Մարդու իրավունքների հանձնակատարի ներգրավվածության կարևորությունը Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների և հումանիտար ճգնաժամի հասցեագրման հարցում։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում