Նշվել է Բաղրամյանի տոնը. բնակավայրը 40 տարեկան է

ՀՀայկուշ Ասլանյան

Բաղրամյանը Խորհրդային Հայաստանում կառուցված վերջին բնակավայրն է։ Բնակչությունը մինչև 2025 թվականը պետք է հասներ 25 հազարի, 5000-ական բնակիչ էլ պետք է ունենային շրջանը ներառող 5 գյուղերը։ Վանյա Սահարյանը Բաղրամյանի առաջին քարը դնողներից ու առաջին բնակիչներից է։

Վանյա Սահարյան (շինարար) - Առաջին հերթին շինարարներն էին տուն ստանում, որից մեկը ես եմ: Հետո, տարբեր կազմակերպություններ որ սկսեցին աշխատել, իրենք տներ ստացան, իսկ մասնավորները հող էին վերցնում, տուն կառուցում։

Բաղրամյանը հիմնադրվել է 1983 թվականին՝ Քարակերտ, Մյասնիկյան, Հուշակերտ, Երվանդաշատ և Բագարան գյուղերով։ Հիմնադրվել է, որ Հայաստանի անապատացող տարածքները մշակվեն, կենդանություն ստանան, և 12 հազար հա հողը դառնա գյուղատնտեսական բարձրարժեք մշակաբույսերի աճեցման տարածք։ Նախատեսվում էր տարեկան 100 հազար տոննա պտուղ արտադրել։

Լյովա Ալեքսանյան (Բաղրամյանի շրջխորհրդի վերջին նախագահ) - 100 հազար տոննա պտուղ արտադրելը ռեալ իրականություն էր, այս ամբողջ անապատը փոխվում, դառնում էր ծաղկուն տարածք: Նախատեսվում էր կառուցել նոր ձեռնարկություններ, այնքան մեծ ներուժ կար, երիտասարդ ընտանիքները եկել-լծվել էին հանրօգուտ գործին։

Բաղրամյանի համար օրը հոբելյանական է․ նշվում է հիմնադրման 40-ամյակը։ Նախկին 5-ի փոխարեն այն այսօր 14 բնակավայր է ներառում, որոնցից յուրաքանչյուրը մասնակցում է իր տաղավարով։ Երվանդաշատը, օրինակ՝ բացի ավանդական ուտեստներից, ներկայացել է տարածքին հատուկ բուժիչ խոտաբույսերով։

Լուսինե Գասպարյան (Երվանդաշատի բնակիչ) - Ավելուկ, ուրց, դաղձ, նանա, անթառամ՝ հավաքելով եկել ենք, չհասցրեցինք տեղավորել։

Իսկ Շենիկը, որ նախկինում ապահովել է Խորհրդային Միության առվույտի սերմի պահանջարկի 70 տոկոսը՝ տարեկան մոտ 100 տոննա, այսօր ևս առաջատար դիրքերում է, միայն թե՝ այլ աշխարհագրությամբ։

Յուրիկ Պետրոսյան (Շենիկի բնակիչ) - Մոտ 10-15 տոննա սերմ է դուրս գալիս հարևան գյուղեր։

Տևական դադարից հետո Բաղրամյանի միավորված բնակավայրերում վերսկսվել է շինարարությունը։ Մի տեղ մանկապարտեզ են հիմնանորոգում, մեկ այլ տեղ՝ ասֆալտ փռում, ջրագիծ կառուցում, գիշերային լուսավորություն անցկացնում, այգի կամ պուրակ հիմնում:

Արման Խաչատրյան (Բաղրամյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար) - Բոլոր բնակավայրերում կատարվում են սուբվենցիոն ծրագրեր, շեշտը դրված է սոցիալ-տնտեսական, կրթական ծրագրերի վրա։

Ձգտում ենք այնպիսի միջավայր ստեղծել, որ մարդիկ իրենց հարմարավետ զգան՝ շնորհավորելով բաղրամյանցիներին՝ ասում է մարզպետ Հովհաննիսյանը։

Էդվարդ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետ) - Շնորհավորում եմ, մաղթում, որ բնակավայրը դառնա այնպիսի միջավայր բնակիչների համար, որտեղ չենք ունենա որևէ պակաս ենթակառուցվածք, կենսամակարդակի համար ապահովված կլինեն բոլոր պայմանները և այլն։

Հողագործները՝ գյուղմթերքով, դպրոցականներն իրենց ստեղծագործություններով էին միացել տոնակատարությանը։ Շնորհավորոնքները շատ էին, բարեմաղթանքները՝ անկեղծ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում