Փոքր քայլերով մեծ գործերի ձգտող նախկին նպաստառուն

ՀՀայկուշ Ասլանյան

Եթե ուզում ես օգնել, ոչ թե ձուկ տուր, այլ՝ կարթ. չինական իմաստությունն է մեջբերում նպաստառուի կարգավիճակը թոթափած Մարինեն։ Տիկնոջ բազմանդամ ընտանիքը ոտքի է կանգնել Սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանման ծրագրի շնորհիվ։ Հաղթահարելով աղքատությունը՝ Մարինեն Բաղրամյան գյուղի իրենց տանը կից տարածքում անկողնային պարագաներ ու սրբիչներ է արտադրում։

Մարինե Կարապետյան (ծրագրի շահառու) - Իմ գործի շնորհիվ ամսական եկամուտը մոտ 100 հազար դրամ է։ Սեպտեմբերից նպաստ չեմ ստանում, բավարարում է հոգալ ընտանիքիս կարիքները։

Մինչև ծրագրի շահառու դառնալը ընտանիքն ապրել է Մարինեի նպաստի՝ 30 և սկեսրոջ թոշակի՝ 40 հազար դրամով։ Իսկ ամուսինն աշխատել է, երբ պատվեր է ունեցել։ Կարուձևի նրբություններին ծանոթ Մարինեն սեփական գործ ունենալու մասին երազել է, բայց իրագործել չի կարողացել՝ միջոցներ չունենալու պատճառով։ Դրամաշնորհային ծրագիրն օգնել է կարի մեքենաներ ու աշխատանքային նյութեր ձեռք բերել։ Տրամադրած միջոցներով էլ ամուսինը տանը կից նախկին մառանն է վերանորոգել ու վերածել արտադրամասի։

Սարգիս Կարապետյան (Մարինե Կարապետյանի ամուսինը) - Ստեղ ինչ կա՝ ես եմ արել, ճիշտ է՝ դանդաղ, բայց արել եմ։ Կարող է՝ թերի բաներ էլ լինեն, որովհետև առաջին անգամ եմ արել։ Այնպես ենք արել, որ գումար չծախսենք։

2022-ի սեպտեմբերից Մարինեն այլևս նպաստ չի ստանում։ Արդեն կայուն եկամուտ ունի։ Եթե ամիս է լինում, որ պատվերները շատանում են, նաև կարողանում է գումար տնտեսել՝ այլ ծախսերի համար։ Ընտանիքն օգնում է՝ ինչով կարողանում է։ Որդիներից մեկը, օրինակ՝ լոգոտիպն է հեղինակել։

Եթե հաջողությունը երես չթեքի՝ տունը կվերանորոգեն, կահույքը կթարմացնեն, մեքենա կգնեն ավագ որդու համար, որը հիմա ժամկետային զինծառայող է։

Մարինե Կարապետյան - Լավ եկամուտի դեպքում ամենամեծ գնումս որդուս մեքենան է լինելու, խոսք եմ տվել՝ ծառայությունից գա, մեքենա նվիրեմ։

Մարինեն, փոքր քայլերով մեծ գործերի է ձգտում։ Ցանկություն ունի մեծացնել կարի արտադրամասը, շատ աշխատողներ ունենալ, բազմապատկել արտադրության տեսականին ու ծավալները և, ինչու՞ չէ, մտածել նաև արտահանման մասին։

Մարինե Կարապետյան - Ուզում եմ ասեղնագործական մեքենա ձեռք բերել, դրանով գործս ավելի շատ կլինի․ պահանջարկ կա բարձի երեսների, շապիկների համար։ Պետք է գումար հավաքեմ, որ գնեմ, 1 մլն արժե։

Աստիճանաբար ոտքի կանգնող ընտանիքը կարգի կբերի նաև արտելի ֆասադն ու տարածքը, որ փողոցի բարեկարգումից հետո այն ևս գեղեցիկ ու դիտարժան լինի։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում