Մեկնարկում է ընդունելության քննությունների երկրորդ փուլը. հայտագրվել է 13.456 դիմորդ

ՔՔրիստինե Ոսկանյան

Եվս երկու օր, ու հանրապետությունում կսկսվի քննական մրցավազքը: Բուհերի ընդունելության քննությունների երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 9-ին: Դիմորդներն առաջին օրը կհանձնեն «Քիմիա» և «Ռուսաց լեզու»: Հանրապետությունում 40 քննական կենտրոն է ձևավորվել, 14-ը՝ Երևանում, 26-ը՝ մարզերում: Այս անգամ 13.456 դիմորդ է հայտագրվել:

Կարո Նասիբյան (ԳԹԿ փոխտնօրեն) - Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս դիմորդներն ավելի շատ հանձնելու են «Անգլերեն» առարկայից քննություններ, թիվը կազմում է 5491:

Հանրապետության 5 մարզում՝ Գեղարքունիքում, Լոռիում, Շիրակում, Վայոց ձորում ու Տավուշում, իրավիճակը մի փոքր այլ է: Այստեղ ավելի մեծ է «Հայոց լեզու և գրականություն» հանձնողների թիվը: Այս տարի չկան պարսկերեն հանձնողներ: ԳԹԿ-ում նկատում են՝ հունվարին քննության առաջին փուլին մասնակցած դիմորդներից շատերն են որոշել գիտելիքները երկրորդ անգամ ստուգել:

Կարո Նասիբյան - Կար այն կարծիքը, որ եթե դիմորդը իրեն բավարարում է, ապա հունիսի միասնական քննություններին, հնարավոր է՝ չմասնակցի: Կարծես թե այդպես չեղավ, մասնակիցների ճնշող մեծամասնությունը ցանկանում է նորից քննություն հանձնել:

Առաջին փուլի մասնակիցներից միայն 333-ին է ստացած միավորը բավարարել: Նույնիսկ 19.75 ստացածներն են որոշել 20-ի համար պայքարել: Պահանջված մասնագիտությունների ցանկը վերջին տարիներին անփոփոխ է, առաջատարը տնտեսագիտությունն է, հատկապես ֆինանսները, կառավարումն ու շուկայագիտությունը:

Կարո Նասիբյան - Ակտիվություն ենք նկատում ստոմատոլոգի մասնագիտության առումով, քան բուժական գործի:

«Ստոմատոլոգիա» մասնագիտության 137 տեղի համար դիմել է 264 դիմորդ, «Բուժական գործի» դեպքում 450 տեղի համար կպայքարեն 661-ը: Այս տարի որոշ մասնագիտությունների համար պետությունը դիմորդներին տարկետման իրավունք է տվել: Մասնագիտություններից 6-ը Երևանի պետական համալսարանում են, 5-ը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկականում:

Կարո Նասիբյան - Եթե ընդունվում են անվճար, եթե 1 տարի հետո վճարովի են տեղափոխվում, օգտվում են իրավունքից 4 տարի, եթե դուրս չեն մնում բուհից:

Քննությունների կազմակերպման համար ԳԹԿ-ն ավելի քան 500 մարդ է ներգրավել գործընթացին: Կառույցում զգուշացնում են՝ հնարամիտ դիմորդները լինելու են վերահսկողների ուշադրության կենտրոնում: էլեկտրոնային սարքեր նկատելու դեպքում դիմորդին քննասենյակից կհեռացնեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում