ԸԸՀ-ները կունենան առանձին շենքեր. մշակվում է ռազմավարություն

ՄՄայա Խաչատրյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջին անգամ մշակում է զարգացման ընդգրկուն ռազմավարություն: Զարգացման հնգամյա ռազմավարության պլանը մշակվում է տարեսկզբից: ԿԸՀ-ն սկսել է աշխատանքային քննարկումներ և մասնագիտական խորհրդակցություններ՝ ընտրական գործընթացին առնչվող շահագրգիռ կողմերի հետ։ Մայիսին հանդիպել են կուսակցությունների հետ, հաջորդ շաբաթ քննարկում կլինի՝ քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Վահագն Հովակիմյան (ՀՀ ԿԸՀ նախագահ) - 10 կազմակերպություն արձագանքել են: Դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններ կան՝ «Թրանսփերնսին», «Հելսինկյանը», «Իրազեկ քաղաքացիների միավորումը», Իրավունքի պաշտպանության հիմնադրամը, «Լռության ձայն» ՀԿ-ն, որը գործակցում է ներառականության խնդիրների լուծման համար:

Կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների նպատակն էր իրազեկել 2020-21-ի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ, լսել նրանց խնդիրները: ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի գնահատմամբ՝ քաղհասարակության հետ քննարկումները կարող են դառնալ ռազմավարության մշակման կարևոր բաղադրիչ։

Վահագն Հովակիմյան - Ամենակարևոր խնդիրը ընտրական համակարգում դա համակարգի կայունությունն է: Եթե ուզում ենք անշրջելի իրավիճակ ունենանք, որ այլևս վատ ընտրությունները մնան հեռավոր անցյալում, ընտրական համակարգը պետք է լինի կայուն:

ԿԸՀ ռազմավարության մշակման աշխատանքներն իրականացվում են Ընտրական համակարգերի միջազգային հաստատության աջակցությամբ:

Աղասի Եսայան (Ընտրական համակարգերի միջազգային հաստատության ավագ մասնագետ) - Սա շատ կարևոր փաստաթուղթ է, որն ամրապնդելու է ընտրությունների վարչարարությունը Հայաստանում, նպաստելու է ԿԸՀ-ի՝ որպես ինստիտուտի կայացմանը: Չափազանց կարևոր է, որ մշակման գործընթացը լինի ներառական և թափանցիկ, այստեղ կարևորում եմ խորհրդակցությունների շարքը, որ առաջիկայում տեղի են ունենալու պետական գերատեսչությունների, քաղհասարակության հետ:

Նախատեսվում է մարզային ընտրատարածքային ընտրական 28 հանձնաժողովների համար ձևավորել մշտական հասցեներ: Դրանք հիմա տեղակայված են պետական կառավարման շենքերում: Տարածքային ընտրական հանձնաժողովները կունենան առանձին շենքեր, որոնք կլինեն նաև ուսումնական կենտրոններ: Ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները՝ դիտորդից, կուսակցությունից մինչև քաղաքացի, հնարավորություն կունենան մասնակցելու ընտրական իրավունքի դասընթացներին, ձեռք բերել մասնագիտական այլ գիտելիք:

Վահագն Հովակիմյան - 28 քաղաքում կունենանք կենտրոններ քաղաքացու ընտրական իրավունքի իրացման, որոնք հնարավորություն կտան, որ ցանկացողները անընդհատ, ոչ թե տարին մեկ կամ երկու անգամ, երբ ցանկանան, քննությունը ստանա հանձնաժողովի անդամ լինելու: Հնարավորություն կտա կուսակցություններին օգտվել ռեսուրսից, վստահված անձանց դասընթացը կազմակերպել:

Վահագն Հովակիմյանն ընտրական համակարգի համար կարևոր է համարում նաև կիբեռանվտանգության հարցը: Ըստ նրա՝ բարեփոխվում է նաև հանձնաժողովի կայքէջը: Ներմուծվում են էլեկտրոնային նոր գործիքների՝ գործընթացի մասնակիցների աշխատանքը ավելի պարզեցնելու և հեշտացնելու համար: Հուլիսին տեղի կունենան քննարկումներ ընտրություններին առնչվող գերատեսչությունների հետ: Նախատեսում են, որ աշնանը ռազմավարությունը պատրաստ կլինի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում