16 մլրդ 805 մլն դրամի փողերի լվացում. Սուրիկ Խաչատրյանի մեղադրանքը լրացվել է

ՄՄարո Թարվերդյան

Դատախազի ձեռքին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին առնչվող գործի նյութերն են: Նախկին պաշտոնյայի մեղադրանքը լրացվել և փոփոխվել է. Խաչատրյանն այժմ մեղադրվում է նաև 16 մլրդ 805 մլն դրամի փողերի լվացման համար:

Արսեն Գևորգյան (ՀՀ ԳԴ ՀԿ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ) - Ձեռք բերված անօրինական եկամուտներին օրինական տեսք հաղորդելու նպատակով տարբեր քաղաքացիաիրավական գործարքներով դրանք շրջանառության մեջ են դրվել:

Դատախազի խոսքով՝ չնայած արգելքին, Խաչատրյանը մարզպետ եղած ժամանակ 2008-2012 թթ. մասնակցել է լեռնարդյունաբերությամբ զբաղվող ընկերության կառավարմանը՝ օրինականացրել այդ գործունեությունից հանցավոր ճանապարհով ստացած գումարը:

Այսինքն՝ իր և մերձավորների անվամբ տարբեր ընկերություններում, այդ թվում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գործող ընկերության անվամբ ներդրում կատարելու, Հայաստանի Հանրապետությունում գործող ընկերություններում ևս ներդրում կատարելու, ավանդներ ներդնելու տարբեր շարժական և անշարժ գույքերի ձեռքբերման միջոցով փորձել է այդ գումարներին օրինական տեսք հաղորդել:

2004-2013 թվականներին, ապա նաև 2014-2016-ին Սյունիքի մարզը ղեկավարած Սուրիկ Խաչատրյանը մեղադրվում է նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու, վատնման դրդելու և պաշտոնեական կեղծիքի համար:

Նա իր պաշտոնեական լիազորություններն օգտագործելով՝ դրդել էր իր ենթակայության տակ գտնվող Նորավար համայնքի ղեկավարին նրա տիրապետմանը հանձնված առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 5 միլիոն 132 հազար դրամ գույքը վատնելուն, որը դրսևորվել էր նրանում որ առանց օրինական հիմքի նշված գույքը տրամադրվել էր Սուրիկ Խաչատրյանի եղբորը:

Մյուս դրվագով էլ Խաչատրյանը Կապանի դպրոցի տնօրենին դրդել էր որդուն տալ կեղծ ավարտական վկայական: Երրորդ մեղադրանքով էլ նախկին մարզպետը համայնքի ղեկավարներից մեկին ապօրինի կարգադրել է կեղծ աճուրդի միջոցով իր մտերիմին հողատարածք օտարել:

«Լուրերը» փորձեց նրա պաշտպան Վահագն Հակոբյանից դիրքորոշում ճշտել, սակայն պաշտպանն ասաց՝ նոր քրեական հետապնդումից տեղյակ չէ, իսկ մյուսների մասով իր վստահորդը մեղադրանքը չի ընդունում: Տարբեր քրեական պատմություններով հայտնի Սուրիկ Խաչատրյանը Ֆրանսիայում է, նա հետախուզվում է 2019-ից, որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում