Որտե՞ղ ա գրված, որ ես ՀՀ ոստիկանապետին իրավունք ունեմ հարցնել՝ էդ փողերը քեզ որտեղից. Արշակ Հակոբյան

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի գործով դատարանում ցուցմունք տվեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը: Ասաց՝ դատավարության մասնակիցներից ճանաչում է միայն Հակոբյանին, որի հետ ոչ մի առնչություն չունի:

Հրանտ Եպիսկոպոսյան (վկա) - Նախկինում որտեղ ես ծառայել եմ` Արշակ Հակոբյանը եղել է Գասպարյան Վլադիմիր թիկնազորի պետը, մի քանի անգամ եկել եմ շենք, ուղեկցել է իր մոտ:

Բարձրաստիճան նախկին սպայի ցուցմունքը վերաբերում էր Ռազմական ոստիկանությունում աշխատելու տարիներին Գասպարյանի կնոջ՝ Սուսաննա Գասպարյանի` աշխատանքի հաճախել-չհաճախելուն: Եպիսկոպոսյանը 2001-2002 թթ. Ռազմական ոստիկանությունում բաժնի պետի տեղակալ է եղել: Ըստ գործի նյութերի՝ այդ տարիներին ռազմական ոստիկանությունում պաշտոն է զբաղեցրել նաև Սուսաննա Գասպարյանը, որը, ըստ մեղադրանքի, թեև աշխատանքի չի հաճախել, բայց աշխատավարձ է ստացել:

Հրանտ Եպիսկոպոսյան - «Սուսաննա Սարդարյան» չեմ ճանաչում, ես բոլորին անուն-ազգանունով չեմ հիշում` ոչ տղաներին, ոչ կանանց: 3 կին է ծառայել, թե դրանցից ով է եղել Սուսաննա Սարդարյանը` ես չգիտեմ, կամ կարող է և չի եղել: Էդ ազգանունով անունով ոչ մեկին չեմ հիշում:

Սարդարյանը, ի դեպ, նախկին ոստիկանապետի երկրորդ կնոջ օրիորդական ազգանունն է: Հանրային մեղադրողի հարցին՝ այդ կանանց մեջ Գասպարյանի կինը կա՞ր, նախկին սպան ասաց՝ երբ ինքը Ռազմականում է աշխատել՝ Գասպարյանի կինը այլ անձ է եղել: Հարցաքննված մյուս վկաներն էլ 1990-ականների կեսերից տարբեր ժամանակահատվածներում աշխատել են Ռազմական ոստիկանությունում:

Հարություն Գուրոյան (վկա) - Առաջին անգամ էդ անուն-ազգանունը ինձ հանդիպել է աշխատավարձների սպայական ցուցակում: Դրանից հետո արդեն լսել եմ, որ տվյալ անձնավորությունը վարչության պետի կինն է:

Վկա Հարություն Գուրոյանն ասաց՝ Ռազմական ոստիկանությունում աշխատել է երկար տարիներ, բայց Սուսաննա Գասպարյանին առայսօր առերես չի հանդիպել: Նույնը պնդեց նաև մյուս վկան՝ ՌՈ նախկին աշխատակից Աղաբեկ Գրիգորյանը:

Աղաբեկ Գրիգորյան (վկա) - Տիկին Սուսաննան էդ ժամանակ իմ համար եթե ծառայեր էլ, լինելու էր սովորական մի անձնավորություն, որովետև հիմա է Գասպարյանի կինը, էն ժամանակ իմ համար մի ուրիշ կին աշխատող է եղել, ես էդ ժամանակ չեմ էլ իմացել, որ տիկին Սուսաննա կա Գասպարյանի կյանքում:

Նիստի ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Արշակ Հակոբյանը, նշեց՝ չի հասկանում, թե ինչում են իրեն մեղադրում:

Արշակ Հակոբյան (ամբաստանյալ) - Պարոն Գասպարյանը շատ խիստ, պահանջկոտ ղեկավար է եղել, որին ես ճանաչում եմ։ Հիմա, ասենք, մի կոոպերատիվի նախագահը, որ իր բանվորին կանչի, ասի՝ խանութից բան առ բեր, ասի՝ հլը մի վայրկյան, էս փողը քեզ որտեղի՞ց։ Իսկ որտե՞ղ ա գրված, որ ես հանրապետության ոստիկանապետին իրավունք ունեմ հարցնելու` էդ փողերը քեզ որտեղից, նոր` տուր, գնամ, ավտո առնեմ, ուր մնաց տիկին Սուսաննայի փողերից տեղյակ լինեմ:

Ըստ մեղադրանքի՝ Սուսաննա Գասպարյանին փոխանցված ապօրինի վարձատրության գումարով նախկին ոստիկանապետի հանձնարարությամբ Արշակ Հակոբյանը ձեռք է բերել 2 ավտոմեքենա՝ օժանդակելով փողերի լվացմանը: Այս գործով պետք է հարցաքննվեր նաև Եղվարդի ոստիկանապետ Ռուբեն Ներսիսյանը, որը, սակայն, նիստին չէր ներկայացել: Դատարանը որոշեց դիմել ոստիկանության պետին՝ նրա ներկայությունը մյուս նիստին ապահովելու համար:

Հեղինակ` Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում