Հայաստանում ավելանում է 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվը

ԼԼիլիթ Ասատրյան

3 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվը Հայաստանում ավելացել է: Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ վերջին հինգ տարում շուրջ 40 % աճ է գրանցվել:

Անահիտ Գալստյան (ՀՀ ԱՍՀ նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ) - Երեք և ավելի երեխաները 18 թվականին եղել են 8271, իսկ 21-ին` արդեն 11 438: Այսինքն` մենք տեսնում ենք, որ համարյա երեք հազարի աճ կա:

Նաև որոշակիորեն կայունացել է ծնելիությունը. վերջին հինգ տարիներին ամեն տարի Հայաստանում միջինը 36 հազար երեխա է ծնվել, ինչը մասնագետները դրական միտում են համարում՝ հաշվի առնելով, որ 2010-ից սկսած ծնելիության խիստ նվազման միտում էր նկատվում: Գալստյանը, սակայն, նաև անհանգստացնող փաստ է նշում՝ չնայած ավելանում է 3 և ավելի երեխաներ ունեցողների թիվը, սակայն զուգահեռ պակասում են այն ընտանիքները, որոնք ունեն 1 կամ 2 երեխա: Ըստ վարչության պետի՝ գործոնները տարբեր են՝ տնտեսականից մինչև սոցիալական:

Անահիտ Գալստյան - Մենք խնդիր ունենք` ապահովելու «3 +»-ի շարունակական աճը, այսինքն` ապահովենք, որ «3 +»-ները շարունակեն աճել: Եվ խնդիր ունենք խթանելու, որ առաջինն ու երկրորդը սկզբում գոնե կայունացնենք, հետո արդեն փորձենք աճի վրա աշխատել: 

Ըստ Գալստյանի՝ այդ ուղղությամբ պետությունը հետևողական աշխատանք է տանում: Ծնելիության կայունացմանը և 3 ու ավելի երեխա ունենալուն նպաստել են նաև պետության համալիր ծրագրերը և տրամադրվող ֆինանսական աջակցությունը, մասնավորապես՝ առաջին երկու երեխայի դեպքում 300 հազար, երրորդ ու չորրորդի դեպքում՝ 1 մլն, հինգ և ավելիի դեպքում՝ 1.5 մլն դրամ: Բացի այդ, 2022-ից երեք և ավելի երեխայի դեպքում ընտանիքին 6 տարի ժամկետով ամսական հիսուն հազար դրամական աջակցություն է տրամադրվում:

Զույգերի վերարտադրողական նախասիրությունների մասին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը Հայաստանում 2 համազգային հետազոտություն է իրականացրել՝ 2011-ին և 2017-ին: Երկուսն էլ ցույց են տվել, որ զույգերը իրականում ցանկանում են ավելի շատ երեխա ունենալ, քան այդ պահին ունեն: Սակայն մի շարք խոչընդոտող գործոններ կան՝ բնակարանի խնդիր, ոչ բավարար աշխատավարձ, կանանց կողմից աշխատանքի և ընտանիքի համատեղում:

Մհեր Մանուկյան (ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի համակարգող) - Եթե առաջին հետազոտությանը անդրադառնանք, ապա ամենամեծ խումբը հարցվողների ցանկանում էր չորս երեխա ունենալ, հարցվողները միջինում երկու-երեքն էին ուզում: Վերջին հետազոտությամբ երեք երեխա է ամենամեծ խումբն ուզում:

Մանուկյանի կարծիքով՝ եթե վերացվեն այն խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս ընտանիքներին ունենալ այնքան երեխա, որքան իրենք են ցանկանում, Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը զգալիորեն կբարելավվի:

Հեղինակ` Լուսինե Գրիգորյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում