Առաջարկվում է մի շարք կրթական ծրագրերով սովորողների համար հստակեցնել զորակոչից տարկետման գործընթացը

ԼԼիլիթ Ասատրյան

Գործադիրն առաջարկում է մի շարք կրթական ծրագրերով սովորողների համար հստակեցնել զորակոչից տարկետում ստանալու գործընթացը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նպատակն է չվտանգել դպրոցում, քոլեջում, ուսումնարանում սովորողի անընդհատ ուսումնառության իրավունքով պայմանավորված տարկետման տրամադրումը, ԱԺ գլխադասային հանձնաժողովում ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Գործող օրենքով տարկետումը տրվում է մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան 19 տարին լրանալու օրը, սակայն նույն ժամանակահատվածում տարկետում կարող է տրվել նաև պայմանավորված առողջական խնդիրներով: Ըստ նախարարի՝ 2 նորմի միաժամանակ կիրառումը խնդիրներ է առաջացնում:

Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Եթե մենք ունենք դպրոցում սովորող, 19 տարին լրացած աշակերտ, որը դեռևս չի ավարտել ուսումնառությունը և նաև զորակոչի համար անցնում է բժշկական զննության անհրաժեշտ փուլերը, օրենքի գործող կարգավորումը չի հստակեցնում հիմքերը: Այսինքն` եթե անձը միաժամանակ ունենում է նաև տարկետում բժշկական հիմքով կամ ընտանեկան վիճակից ելնելով, ապա սա ստեղծում է լրացուցիչ բարդություններ նրա ուսումնառության անընդհատության նպատակով տարկետման որոշման կայացման համար:

Առաջարկվող նախագծով սահմանվում է 19 տարեկան անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատման տարկետում տրամադրել նորմերից մեկով՝ առողջական խնդիրների կամ ուսումնառության շարունակման հիմքով:

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ԽՍՏԱՑՈՒՄ

Հանձնաժողովի օրակարգային հարցերից էր նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է խստացնել պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման կանոնների խախտման համար սահմանված տույժերը. հատկանշական է, որ օրենքը դեռ 1985 թվականին է ընդունվել, այնուհետև` անկախությունից հետո, մի քանի անգամ լրամշակվել:

Լիլիթ Գալստյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Ցավոք, պիտի ասեմ, որ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության, օգտագործման, պաշտպանության ներկա իրավիճակը բավական հեռու է բավարար լինելուց, և հուշարձանների նկատմամբ բավարար վերահսկողական գործուն մեխանիզմների բացակայությունն է դրան նպաստում:

Պատգամավորը վստահ է՝ գործող օրենսդրությամբ պատմության և մշակույթի հուշարձաններին վնաս հացնելու համար նախատեսված տուժերը չափազանց ցածր են, դրանք չեն նպաստում հանրային ու անհատական պատասխանատվության մեծացմանը, արդյունքում խախտվում են հուշարձանի պահպանման և օտագործման պահանջները:

Պատգամավոր Լիլիթ Գալստյանն առաջարկում է տույժերի չափը կրկնապատկել:

Լիլիթ Գալստյան - Գործող նորմատիվներով սահմանված է նվազագույն աշխատավարձի 50-80-ապատիկի չափով վարչական տույժը, որը փոխարինել են 100-150-ապատիկի չափի իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 300-350-ապատիկի չափով: Նույն խախտումը կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 400-ապատիկի չափով:

Լիլիթ Գալստյանը կարծում է, որ այս փոփոխություններն ամբողջությամբ դժվար թե լուծեն խնդիրները, սակայն առաջին քայլն անելն այս ուղղությամբ անհրաժեշտություն է:

Գործադիրն ընդդիմադիր պատգավորի առաջարկին դրական կարծիք է տվել: Այս և մյուս քննարկված նախագիծը հավանության արժանացան նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, կքննարկվեն ԱԺ լիագումար նիստում:

Հեղինակ` Անի Օհանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում