Երևանում նախատեսվում է 31 մանկապարտեզի նորոգում-վերակառուցում

ԼԼիլիթ Ասատրյան

Այս տարի մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում արդեն 3 հիմնանորոգված մանկապարտեզ է շահագործման հանձնվել: 360 երեխայի համար հատկացված թիվ 71 պարտեզը դրանցից մեկն է:

Նելլի Ղազարյան (Երևանի թիվ 71 մանկապարտեզի տնօրեն) - Նախկինում շատ-շատ փլուզված պատեր, ոչ ամուր հիմք ունեինք, հիմքի ամրացում է տրվել, արևային համակարգ է տեղադրվել ջեռուցման, խոհանոցային հատվածը շատ ավերված, վերականգնվել է:

Բացի այս երեքից, մինչև տարեվերջ կնորոգվի երևանյան 162 մանկապարտեզներից ևս 19-ը: Ծրագիրը դեռ նախորդ տարի է մեկնարկել: Հաստատությունների մեծ մասում աշխատանքի կեսից ավելին արված է: Նախակրթարանները քանդվում, զրոյից են կառուցվում, եթե սեյսմիկ առումով խոցելի են: Այդպիսի երեք մանկապարտեզի՝ Շենգավիթի երկու տիպային և Էրեբունու մեկ շենքի վերակառուցման աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են:

Արթուր Օթարյան (աշխղեկ) - Այս պահի դրությամբ բետոնային աշխատանքներ ենք իրականացնում, երրորդ հարկի ծածկի ամրանավորումը կատարված է, բետոնը կլցվի, բետոնային աշխատանքների 95 տոկոսը կատարված կլինի: Ժամկետի մեջ կհասցնենք, կավարտենք նոյեմբերի 28-ին:

Հիմնանորոգման աշխատանքները Երևանի 12 վարչական շրջաններից 9-ում են: Նորացված մանկապարտեզների թվով առաջատարը Շենգավիթն է` 5 հաստատություն, Աջափնյակում 1-ը պատրաստ է, ևս 3-ը ընթացքի մեջ, Էրեբունիում պատրաստ է մեկ շենք, երկուսը նորոգման փուլում են, Մալաթիա-Սեբաստիայում էլ 3 մանկապարտեզ դռները կբացեն մինչև տարվա վերջ:

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի խոսքով՝ աշխատանքների ընթացքում մի քանի կարևոր կետի են առանձնակի ուշադրություն դարձնում:

Խորեն Գրիգորյան (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ) - Ապաստարանների կառուցում և ապաստարանների առկայություն և երկրորդը՝ սեյսմիկ ամրացումը: Այս փուլից սկսած` դրանց ավելանալու է նաև մատչելիության մաքսիմումը, որ մանկապարտեզները մատչելի լինեն Երևանի բոլոր երեխաների համար՝ ներառված կրթության երեխաներին ևս:

Նախորդ տարի հաստատված ծրագրի 22 մանկապարտեզներին այս տարի ևս 9-ն են ավելացել. 3-ը մեկնարկային, 6-ը նախագծային փուլում են: Յուրաքանչյուրի համար միջինում հատկացվում է 150 մլն-ից 600 մլն դրամ: Համաֆինանսավորողներն են համայնքը, Եվրոպական ներդրումային բանկը, Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամը, ՄԱԿ Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամը: Որոշում կա նաև նոր մանկապարտեզներ հիմնել Խարբերդ, Ծարավ Աղբյուր, Արաբկիր և Կիլիկիա թաղամասերում: Ծրագիրը դեռ նախնական փուլում է: Խորեն Գրիգորյանն ընդգծում է՝ Երևանի բոլոր մանկապարտեզները պետք է նորոգվեն ու վերակառուցվեն:

Խորեն Գրիգորյան - Այդ ամբողջ պրոցեսը սկսվել է միայն 2019 թվականից, մենք չենք կարող մեկ-երկու տարում բոլոր մանկապարտեզները Երևանում վերանորոգել: Բացի ֆինանսական, բյուջետային անհնարինությունից, այստեղ ունենք երկրորդ խնդիրը, երբ մանկապարտեզը փակում ենք շինարարության համար, այդ երեխաներին պետք է տեղաբաշխել այլ մանկապարտեզում, դրա հնարավորությունը Երևանը այս պահին չունի: 

Մայրաքաղաքում այս պահին մանկապարտեզ է հաճախում 25 հզ 576 երեխա, 13 հզ 814-ն էլ դեռ սպասում է իր հերթին:

Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում