Ջրային պարեկային ստորաբաժանման ստեղծումը գործնական փուլում է

ԱԱնուշ Մուրադյան

Ջրային պարեկային ստորաբաժանման ստեղծումը մտել է գործնական փուլ: Նախորդ շաբաթ 93 դիմորդ լողալու ու սուզվելու ստուգում են անցել: 58-ը ստացել են բավարար, 35-ը՝ անբավարար գնահատական: Նոր օղակը, որը պատասխանատվություն է կրելու Սևանա լճի ջրային ու ափամերձ հատվածների համար, ըստ ոստիկանության գնդապետի, նախնական 95 հաստիք է ունենալու՝ բացառապես արդեն գործող պարեկներով համալրված: Իրավաբանական վարչության պետը բացատրում է՝ նման որոշման են եկել՝ հաշվի առնելով ծառայության յուրահատկությունը:

Ռուսլան Մարանդյան (ՀՀ ՆԳՆ իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ) - Ջրային հատվածներում ծառայության իրականացումը ռիսկային է, առավել ռիսկային, քան ցամաքում, և քանի որ մենք արդեն ունենք ցամաքային հատվածներում ծառայություն իրականացրած ու արդեն համապատասխան փորձ ունեցող պարեկային ծառայողներ, որոշում է կայացվել, որ գործող պարեկային ծառայողները կարողանան դիմել, որպեսզի առավել բարդ խնդիրը կարողանան պատշաճ կերպով լուծել:

Գործնական ստուգումներին զուգահեռ հինգշաբթի Կառավարությունը հաստատել է օրենքների փոփոխության փաթեթն ու ուղարկել Ազգային ժողով: Իրավական դաշտում սահմանվել են ջրային պարեկի գործառույթները: Ծառայությունը, հիշեցնում է Մարանդյանը, գործելու է Գեղարքունիքի պարեկայինի կազմում՝ վաշտի կարգավիճակով: Անձնակազմը, սեզոնից կախված, իրականացնելու է իր գործառույթները կա՛մ լճի տարածքում, կա՛մ ցամաքում՝ ճանապարհներին:

Ռուսլան Մարանդյան - Նրանք լինելու են ունիվերսալ ծառայողներ, այսինքն լուծելու են նաև պարեկային ծառայության առջև դրած ընդհանուր խնդիրները՝ հանցավորության դեմ պայքարի, վարչական իրավախախտումների կանխման և այսպես շարունակ:

Ջրում, ցամաքում՝ պարեկները հետևելու են կարգուկանոնի պահպանմանը: Օրենքով իրավասություն են ունենալու կանգնեցնել ջրային փոխադրամիջոցները, հիմքերի առկայության դեպքում զննել այն, արգելել դրա շահագործումը, ստուգել նավավարի սթափությունը, հետևել հանգստացողներին: Պատասխանատու կառուցում վստահ են՝ թեև այս ոլորտում մենք հարուստ փորձ ու ձևավորված մշակույթ չունենք, ջրային պարեկների ներկայությունը Սևանում, հատկապես ակտիվ հանգստի շրջանում, շատ հարցեր կկարգավորի: Ստորաբաժանումը կունենա 4 հենակետ:

Ռուսլան Մարանդյան - Ունենալու ենք Շողակաթ հանրային, Արծվանիստ, Գեղամա լողափ և Թերակղզի հանրային. այսպես են կոչվելու այդ չորս կետերը, որոնք կահավորված են լինելու ստատիկ կամ մոդուլային շենքային պայմաններով:

Ջրային պարեկ դառնալու ցանկություն ունեցողները կանցնեն թիրախային ուսուցում՝ նախնական 1-1.5 ամիս տևողությամբ, այդ թվում՝ պրակտիկ պարապմունքներ հենց Սևանում: Ռուսլան Մարանդյանը բացատրում է՝ նրանք չեն փոխարինելու տեղում աշխատող փրկարարներին, այլ փոխլրացնելու են իրար՝ ունենալով օպերատիվ կապ: Նոր ստորաբաժանման համար տեխնիկայի ձեռքբերման մրցույթն էլ արդեն հայտարարվել է՝ 12 սկուտերի, երկու մեծ նավի, նաև հատուկ համազգեստի: Ըստ փաթեթի՝ մասնագիտացված պարեկները գործի կանցնեն հոկտեմբերից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում