Կեղծ 200 դրամանոց մետաղադրամներ պատրաստելու համար 6 անձի մեղադրանք է առաջադրվել

ԱԱնժելիկա Ժամհարյան

Կեղծ 200 դրամանոց մետաղադրամներ պատրաստելու համար 6 անձի մեղադրանք է առաջադրվել. մի մասն ընդունել է մեղքը: Կեղծ մետաղադրամները պատրաստել են նրանցից մեկի առանձնատանը, իրացրել տարբեր վայրերում՝ առևտրի սրահներում, բենզալցակայաններում:

Ռուբեն Հակոբյան (ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչ) - Հայտնաբերվել են 200 ՀՀ դրամ անվանական արժեքով կեղծ մետաղադրամների պատրաստման համար նախատեսված սարքը, 200 ՀՀ դրամ անվանական արժեքով կաղապար, որն օգտագործվել է հենց կեղծ մետաղադրամների պատրաստման համար, ինչպես խոտանված, այնպես էլ պատրաստի կեղծ 200 ՀՀ դրամ անվանական արժեքով մետաղադրամներ:

Ըստ Քրեական օրենսգրքի՝ իրացնելու նպատակով կեղծ արժույթ, արտարժույթ, արժեթուղթ, վճարահաշվարկային այլ փաստաթուղթ կամ վճարային գործիք պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք իրացնելը, եթե այն կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է 4-8 տարի ժամկետով ազատազրկմամբ:

Ռուբեն Հակոբյան - Միջոցներ են ձեռնարկվում 200 ՀՀ դրամ կեղծ մետաղադրամների իրացման բոլոր շրջանակները պարզելու ուղղությամբ:

Կենտրոնական բանկում փորձաքննության ներկայացված դրամանիշները անցնում են ամբողջական հետազոտություն, ինչի արդյունքում էլ պարզ է դառնում այդ թվում դրա կեղծ կամ իրական լինելը: Գլխավոր դրամատան մասնագետի խոսքով՝ դրամանիշները կեղծվում են երկու հիմնական եղանակով՝ դրոշմման և ձուլման:

Յուրի Ավետիսյան - (ՀՀ ԿԲ կանխիկի կառավարման վարչության դրամանիշների փորձաքննության բաժնի պետ) - Հատուկ սարքավորումների միջոցով պատրաստված ֆորմաներով իրականացվում ա գործարանային հատումը: Ֆորմաները, բնականաբար, պահվում են ԿԲ-ում, այլ տեղ դուրս չեն գալիս, և որպեսզի իրականացնել կեղծ մետաղադրամների թողարկում, մասնավորապես, դրոշմման եղանակով, անհրաժեշտ է հանցագործների կողմից պատրաստել նմանատիպ կաղապարներ, ֆորմաներ, որոնք որ, իհարկե, չեն վերարտադրի իրենց ամբողջ կրկնօրինակները:

Մետաղադրամներ կեղծելը բավականին դժվար է, քանի որ դրանց թողարկումից առաջ որոշվում են հստակ սահմանաչափեր՝ տրամագիծ, հաստություն, արտաքին տեսք, գծերի հստակություն, որոնք մետաղադրամի պաշտպանական հատկանիշների մի մասն են:

Յուրի Ավետիսյան - Եթե փորձաքննության ընթացքում դրամանիշը՝ մետաղադրամ կամ թղթադրամ, մեր կողմից ճանաչվում է որպես կեղծ, ապա համապատասխան ձևակերպում ստանալուց հետո համապատասխան կից փաստաթղթերի հետ միասին մենք այն ուղարկում ենք իրավապահ մարմիններ:

2022 թվականին դրամանիշների փորձաքննության բաժինը 138 կեղծ մետաղադրամ է հայտնաբերել, որոնցից 14%-ը՝ 200, 86%-ը 500 դրամանոցներ են: Բացի այդ, հայտնաբերվել է նաև 337 կեղծ թղթադրամ՝ 85%-ը՝ 1000, 10%-ը՝ 20.000 դրամանոցներ:

Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում