Կատուների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերով նախաձեռնվել է 3 քրեական վարույթ

ԼԼիլիթ Ասատրյան

Վերջին օրերին սոցիալական ցանցերում կատուների նկատմամբ դաժան վերաբերմունքի տեսանյութեր են տարածվում: Մայրաքաղաքի տարբեր փողոցներում էլ որովայնը կտրած, ծակած անկենդան տասնյակ կատուներ են հայտնաբերվել: Քննչական կոմիտեից հայտնում են՝ ստացված հաղորդումները, մասնավորապես, Դերենիկ Դեմիրճյան և Թումանյան փողոցներում մորթազերծ արված կատուների մասին են:

Գոռ Աբրահամյան (ՀՀ ՔԿ նախագահի մամուլի քարտուղար) - Քննչական կոմիտեում այս հաղորդումների առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, 3 քրեական վարույթ է նախաձեռնվել և հիմա դրանցով իրականացվում է քննություն` պարզելու ինչպես կատարված այդ դեպքերի հանգամանքները, այնպես էլ հանցագործությունը կատարող անձին բացահայտելու, նրա արարքներին գնահատական տալու և պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու նպատակով:

3 վարույթներից մեկով առկա են նախնական տվյալներ նման արարք կատարած անձի ինքնության վերաբերյալ, Երևանի բնակիչ է՝ ծնված 2000թ.-ին:

Գոռ Աբրահամյան - Հավելյալ տեղեկատություն, բնականաբար, անմեղության կանխավարկածից ելնելով չեմ տալիս, բայց նրա կողմից կատարված գործողությունները քննության առարկա են, և առաջիկայում գնահատականներ կտրվեն նաև էդ գործողությունների:

ՀՀ քրեական օրենսգիրք. «Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածը տուգանքից մինչև 3 տարի ազատազրկում է նախատեսում»:

Կենդանապաշտպանի խոսքով, սակայն, փաստացի իրավիճակն օրեցօր անվերահսկելի է դառնում:

Նարե Արամյան («Փրո Փոուզ» բրիտանական կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ) - Քաղաքացիները չեն կարողանում միայնակ պայքարել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեմ, և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները զուտ դաշտային աշխատանք կատարողներ են, ցավալիորեն մեր երկրում չկան հայեցակարգային և ռազմավարական ծրագրեր իրականացնող կազմակերպություններ, ովքեր կկարողանան նաև արագ արձագանքել նման իրավիճակներին:

Մասնագետը կարծում է, որ անհրաժեշտ է իրականացնել կրթադաստիարակչական, քարոզչական և իրազեկման աշխատանքներ, որպեսզի յուրաքանչյուրն իմանա, թե ինչ պատասխանատվություն կարող է կրել կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար:

Նարե Արամյան - Իրավագիտակցության մակարդակի բարձրացմամբ հանդերձ, միևնույն է, չափազանց քիչ է քաղաքացիների պատասխանատվությունը և ընդհանրապես պատասխանատու վերաբերմունքը կենդանիների նկատմամբ, այստեղ, իհարկե, երկուստեք՝ թե՛ հասարակական խնդիր է, թե՛ հոգեբանական, թե՛, իհարկե, իրավական, սրանք բոլորը փոխկապակցված են, և այս խնդիրները հնարավոր չէ դիտարկել հանրային բարոյականությունից և հասարակական կարգի պահպանումից դուրս:

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ ահազանգեր կազմակերպությունն ամեն օր է ստանում: Քննչական կոմիտեից էլ նշում են՝ հետևողական են լինելու կենդանիների նկատմամբ շարունակվող դաժանությունների դեպքերի պարզման ու հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում։

Հեղինակ` Լիանա Խաչատուրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում