Արենիում նորագույն սարքավորումներով եզակի լաբորատորիա է բացվել

ԼԼիլիթ Ասատրյան

Հողի և ջրի հետազոտություն, դրանից հետո էլ՝ խորհրդատվություն, թե ինչպես ու ինչ բուժանյութերով պայքարել հայտնաբերված խնդիրների դեմ: Նման գործառույթ ունեցող եզակի լաբորատորիա է բացվել Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքում, որը համալրված է վերջին սերնդի սարքավորումներով:

Հուսիկ Սահակյան (Արենի խոշորացված համայնքի ղեկավար) - Ֆերմերները կարող են առանց ավելորդ ժամանակ վատնելու, ստույգ և սպառիչ պատասխաններ ու լուծումներ ստանալ հողերի որակական հատկանիշների, բարելավման և մշակման արդյունավետության հետ կապված հարցերում, ինչպես նաև բույսերի ողջ վեգետացիայի ընթացքում ստանալ խորհրդատվություններ, ծառայություններ դրանց հասունացման ընթացքում:

Պատասխանատուները համոզված են՝ լաբորատորիայի շահագործմամբ շեշտակիորեն մեծանալու է հողերի բերքատվությունը և բարձրանալու է որակը, գյուղատնտեսությամբ զբաղվելը դառնալու է ավելի արդյունավետ ու շահավետ:

Արենի լաբորատորիան կառուցվել է բարերարներ Վահե Գաբրաշի, Խաչիկ Հակոբյանի, «Արմենիա», նաև «Փիլիպոսյան և Փիլոսյան» հիմնադրամների միջոցով: Լաբորատորիան միևնույն ժամանակ ուսումնական կենտրոն է լինելու:

Բացման օրը նաև եռակողմ հուշագիր ստորագրեցին շվեյցարական հիմնադրամների նախագահ Վահե Գաբրաշը, Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը:

Վարդան Ուռուտյան (Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր) - Այստեղ ոչ միայն ծառայություններ են մատուցվելու, այլև այստեղ առաջարկվելու են գյուղատնտեսության մեջ ընդհանրապես նորարարական բոլոր լուծումների առումով խորհրդատվություն, դասընթացներ, վերապատրաստումներ, և այս առումով մենք շատ ուրախ ենք, որ մեզ վստահվել է այս լաբորատորիայի մասնագիտական և փորձագիտական խորհրդատուի դերը:

Վահե Գաբրաշ (Գործարար, բարերար, «Արմենիա», «Փիլիպոսյան և Փիլոսյան» հիմնադրամների նախագահ) - Արենիում նման լաբորատորիան, վստահ եմ, կբավարարի այն բոլոր պահանջմունքները, որոնք կլինեն խաղողագործության և գինեգործության ոլորտում՝ կապված նաև խաղողի սանիտարական որակի հետ, ինչը իր հերթին կնպաստի, որ կարողանանք լավագույնս պայքարել հողի և խաղողի տարբեր հիվանդությունների դեմ, արդյունավետ կանխարգելել այդ հիվանդությունները, որոնք պայմանավորված են կլիմայական փոփոխություններով:

Արենիի ավագանու որոշմամբ` շվեյցարահայ բարերար Վահե Գաբրաշին շնորհվել է Արենի համայնքի պատվավոր քաղաքացու կոչում:

Հեղինակ`  Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում