Ժամանակն է Սև ծովը վերածել ՆԱՏՕ-ի ծովի. Ուկրաինայի ԱԳ նախարար

ՄՄերի Ներսիսյան

ՉԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՌԴ-ԻՆ ԹՈՒՅԼ ՏԱԼ «ՏԵՐ ԶԳԱԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ». ՄԻՇԵԼ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը բելգիական Soir թերթի հետ հարցազրույցում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործում իր ակտիվությունը բացատրել է նրանով, որ չի ցանկանում թույլ տալ Ռուսաստանին «տեր զգալ իրեն տարածաշրջանում»:

«Ես նախընտրում եմ, որ ինձ մեղադրեն չափազանց ակտիվ գործունեության, այլ ոչ թե անգործության համար»,- հավելել է Եվրոպական խորհրդի ղեկավարը:

ԵՄ-Ն 1 ՄԼՐԴ ԵՎՐՈ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ

Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար 1 միլիարդ եվրո հատկացնելու նախաձեռնությանը։ Կառույցի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ սա ԵՄ-ին թույլ կտա անդամ պետություններին փոխհատուցել 2023 թ.-ի փետրվարի 9-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինային նվիրաբերած զինամթերքի համար՝ առկա պաշարներից կամ առկա պատվերների առաջնահերթությունների փոփոխման հաշվին:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նշել է, որ այս որոշմամբ իրագործվում է Խորհրդի կողմից ընդունված պատմական համաձայնագրի առաջին մասը՝ աջակցել 1 մլրդ եվրոյի հրետանային զինամթերքի մատակարարմանը: Աջակցության նախորդ յոթ տրանշների հետ միասին, Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Ուկրաինային ԵՄ ընդհանուր աջակցությունը հասնում է 4,6 միլիարդ եվրոյի։

ՍԵՎ ԾՈՎԸ ԵՐԲԵՔ «ՆԱՏՕ-Ի ԾՈՎ» ՉԻ ԴԱՌՆԱ. ՊԵՍԿՈՎ

ՆԱՏՕ-ն պետք է ավելի մեծ դերակատարում խաղա Սև ծովի անվտանգության հարցում, Բուխարեստում կայացած Սև ծովի անվտանգության համաժողովում հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարը՝ շեշտելով, որ Սև ծովը գործիք Եվրոպան խաղաղ դարձնելու համար:

«Ժամանակն է Սև ծովը վերածել ՆԱՏՕ-ի ծովի, ինչպես եղավ Բալթիկ ծովի դեպքում»,- ասել է Կուլեբան։

Ուկրաինայի արտգործնախարարը նշել է, որ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը հնարավորություն է հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցում քայլ առաջ անել համար:

«Պետք է ցույց տալ, որ ՆԱՏՕ-ի դուռը ոչ միայն բաց է, այլև կա արդեն հստակ ծրագիր, թե երբ և ինչպես Ուկրաինան կմիանա դաշինքին»,- հայտարարել է Կուլեբան:

Ուկրաինայի գլխավոր դիվանագետի հատարարությանն անդրադարձել են Կրեմլից: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Սև ծովը երբեք ՆԱՏՕ-ի ծով չի դառնա, այն ընդհանուր է բոլոր առափնյա պետությունների համար:

«Բոլոր ափամերձ պետությունների համար այն պետք է լինի համագործակցության, փոխգործակցության և անվտանգության ծով: Ընդ որում՝ անվտանգությունը պետք է լինի անբաժանելի»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Պեսկովը նշել է, որ ապառազմականացումը և «ՆԱՏՕ-ի ծով» հասկացությունը իրարամերժ են:

ԼԵՀԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՋԱԿՑԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ

Եթե հանկարծ Ուկրաինան ընկնի, հաջորդ իսկ օրը Չինաստանը կարող է հարձակվել Թայվանի վրա, Վաշինգտոնում Ատլանտյան խորհրդի նիստում ասել է Լեհաստանի վարչապետը։ Մատեուշ Մորավիեցկին հայտարարել է, որ լուրջ կապ է տեսնում Ուկրաինայում տիրող իրավիճակի և Թայվանի շուրջ զարգացող իրադրության միջև:

«Պետք է աջակցել Ուկրաինային, եթե ցանկանում ենք` Թայվանը մնա այն կարգավիճակում, ինչպիսին այսօր է»,- նշել է Լեհաստանի վարչապետը՝ կոչ անելով անտարբեր չլինել Ուկրաինայում շարունակվող հակամարտության նկատմամբ:

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒ ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

Ապրիլի 3-ին Սարաևոյում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Բոսնիա և Հերցեգովինայի նախագահ Զելկա Ցվիյանովիչի հետ: Կողմերը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր։ Նեղ և ընդլայնված կազմով հանդիպումների ընթացքում նախագահները քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ հատուկ շեշտադրելով էներգետիկայի ոլորտում գործակցության կարևորությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում