Կենդանաբանական այգին տեղափոխելու ծրագիր կա. Տիգրան Ավինյան

ՄՄուշեղ Իսախանյան

ԵՐԵՎԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄ

87 MAN և 150 Zhongtong ավտոբուսները Երևանի ավագանու միաձայն որոշմամբ քաղաքային իշխանությունը նվիրաբերեց «Երևանի ավտոբուս» ընկերությանը: Քանի որ հարցը հրատապ էր, արտահերթ նիստ էր գումարվել:

Ավագանու անդամ Էռնեստ Ավանեսնովը առաջարկեց ներկայացնել, թե նոր ավտոբուսները որ ուղղություններով են գիծ մտնելու, և ինչ փուլում է տրանսպորտային համակարգի բարեփոխումը: Այս պահին մայրաքաղաքում 359 ավտոբուս արդեն շահագործվում է, 237-ը առաջիկա շաբաթներին դուրս կգա գիծ, բացի դրանից՝ Երևանում կհամալրվի նաև տրոլեյբուսի պարկը:

Լևոն Հովհաննիսյան (Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ) - Մենք ունեինք գնման գործընթաց նախորդ տարի 15 նոր տրոլեյբուսի մասով, որոնք ճանապարհին են և մոտ ժամանակներս արդեն կլինեն Երևան քաղաքում:

Ավտոբուսների կամ տրոլեյբուսների համալրումով քաղաքային տրանսպորտի հարցն ամբողջությամբ չի լուծվի՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գնահատականն է:

Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Մենք ունենք դեռևս միասնական տոմսային համակարգի ներդրոման հարցը: Երեկ դա քննարկել ենք, այս տարվա ընթացքում ամբողջ շարժակազմերում մենք պետք է ունենանք միասնական տոմսային համակարգ: Մենք ունենք առանձնացված գծերի խնդիրը, որ ավտոբուսների համար որոշ փողոցներում կտեսնենք առանձնացված գծեր, որոնք նախատեսված են հանրային տրանսպորտի համար: Մենք ունենք միասնական կառավարման կենտրոնի ստեղծման խնդիրը, և կրկին՝ այս տարվանից սկսած, այս պրոցեսներն ընթանալու են:

250 «Հիգեր» ավտոբուսներն էլ կփոխարինվեն արդեն նոր՝ էլեկտրականներով՝ նոր տեղեկությունները հայտնեց Տիգրան Ավինյանը: Բացի դրանից՝ Երևանը պետք է հավելյալ շարժակազմեր ունենա. դա, սակայն, պետք է քննարկել՝ տեղափոխել մասնավորի՞ դաշտ, թե՞ համայնքային ու պետական բյուջեով շարունակել գնումը: Տոմսային համակարգը 1-2 ամսից փորձնական տարբերակով կգործարկվի:

Տիգրան Ավինյան - Դրանից հետո 1-2 ամիս փորձակումներից հետո բոլոր շարժակազմերում են տեղադրվելու և վալիդատորները, ունենալու ենք որոշակի աբոնենտային հնարավորություններ, զեղչային համակարգ տարբեր խմբերի համար և հաջորդ տարվա վերջում, կարծում եմ, կարող ենք պնդել, որ մեր տրանսպորտային համակարգի ռեֆորմը 90-95 տոկոսով ավարտված կլինի:

Ավագանու ընդդիմադիր անդամ Անի Խաչատրյանն առաջարկեց չշտապել նոր՝ 12 մետրանոց ավտոբուսները գիծ դուրս բերել, քանի որ սպասվող խցանումների պատճառով քաղաքացիները ստիպված կլինեն ավելի երկար սպասել կանգառներում պիկ ժամերին: Քաղաքային իշխանությունն այդ կարծիքին չէ:

Տիգրան Ավինյան - Մենք ավելացնում ենք գծերի քանակը էս նոր շարժակազմով և ավելացնում ենք եղած գծերում ավտոբուսների քանակը տեղ-տեղ և պիկ ժամերին հավելյալ ավտոբուսներ ենք հատկացնում, որպեսզի պիկ ժամերի խնդիրը կարողանանք մեղմել:

Կանգառասրահների մասին. բիզնես առաջարկ ենք անելու ներդրողներին, երևի 4 տարբեր լոտերով, կանգառներ ենք ունենալու, նոր կանգառասրահներ ենք կառուցելու՝ արևային համակարգով, նույնիսկ օդափոխությամբ՝ դրանց տալով էնտեղ գովազդի, բանկոմատի կամ տերմինալի հնարավորություն և երկարաժամկետ պայմանագիր կնքելով նրանց հետ: 

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄՆ ԱԿՏԻՎ ՓՈՒԼՈՒՄ Է

Մայրաքաղաքի կանաչապատումը ևս ակտիվ փուլում է՝ կառուցվում են նոր այգիներ, տնկվում են քաղաքային անտառներ. համայնքային բոլոր խոշոր հողակտորները կանաչապատվելու են:

Տիգրան Ավինյան - Նորքում 9 հա՝ Նորքի լանջին, դառնալու ա կանաչապատ գոտի: Մոնթե Մելքոնյանի՝ Երևան պարկի հարակից հատվածում ամբողջ 157 հա-ի համար ունենք ծրագիր՝ մեծ անտառտնկման-կանաչապատման, և էդտեղ ունենք ծրագիր կենդանաբանական այգին տեղափոխելու նոր ֆորմատով՝ կենդանիներին ավելի լավ, ավելի բաց պայմաններում պահելու համար, որովհետև մեր եղած կենդանաբանական այգու պայմանները մեզ թույլ չեն տալիս:

Փոխքաղաքապետի խոսքով՝ կանաչապատ տարածքները Երևանում պետք է կրկնապատկվեն՝ մեկ երևանցուն պետք է 8 քմ կանաչապատ տարածք բաժին հասնի, այս պահին դեռ 4 է:

ԱՊՐԻԼԻ 11-Ը՝ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ՕՐ

Ավագանու նիստի ավարտին փոխքաղաքապետ Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ սահմանված կարգով, Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո, պետք է ավագանու կողմից քաղաքապետի արտահերթ ընտրության օր նշանակել ու նիստ գումարել:

Արմեն Գալջյան (Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար) - Ես փոքրիկ հայտարարություն անեմ. մեր խմբակցությունը էս պահի դրությամբ որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել՝ հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակահատված է մնացել, և այս պահի դրությամբ մենք նոր քաղաքապետ չենք ընտրի և, հետևաբար, նաև ընտրության օրվա նիստին չենք ներկայանա:

Ամեն դեպքում, ըստ սահմանված կարգի, Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության համար նիստ կգումարվի ապրիլի 11-ին՝ ժամը 10-ին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում