Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր՝ «կրակեն» ենթատեսակը

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի նոր ենթատեսակ, որը կոչվում է «կրակեն»։ Ախտանշանները գրեթե նույնն են, սակայն այս ենթատեսակը բավականին արագ է տարածվում:

Ռոմելլա Աբովյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ համաճարակաբանության վարչության պետ) - Արդեն մենք դիտարկում ենք, որ պատվաստված լինելու արդյունքում հատկապես այն անձինք, ովքեր որ բուստեր պատվաստումն են ստացել, տանում են հիվանդությունը շատ ավելի թեթև, ընդհուպ` տան պայմաններում կամ ամբուլատոր-պոլիկլինիկ կազմակերպության հսկողության ներքո:

Կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն: Վերջին 14 օրվա ընթացքում նախորդ երկու շաբաթվա հետ համեմատ վարակակիրների թիվը 35%-ով նվազել է: Վերջին 14 օրվա ընթացքում 4 մահվան դեպք է գրանցվել: Շատ պացիենտներ, ունենալով խրոնիկ հիվանդություններ, ուշ են դիմում բժշկական օգնության համար, ինչն էլ բարդացնում է բուժման ընթացքը:

Ռոմելլա Աբովյան - Եվրամիության չափանիշներով դեռևս գտնվում ենք նարնջագույն գոտում, ինչը պայմանավորված է դրական թեստերի մասնաբաժնով, դրական թեստերի մասնաբաժինը կազմում է 25%` նախորդ 14 օրվա 29-ի փոխարեն:

Մասնագետները նշում են՝ ինչպես և կանխատեսվում էր, «Քովիդ-19»-ը դարձել է այն վիրուսներից, որոնք անընդհատ տարածում են ունենում ու մշտապես մարդկության հետ են լինելու:

Դավիթ Մելիք-Նուբարյան (ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետ) - Մեր հիվանդանոցները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են, էլի եթե համեմատենք, շաբաթական դինամիկայով մեծ տարբերություն չկա, և «Մուրացան» հիվանդանոցային համալիրում, որը սպասարկում է միայն երեխաներին, այսօրվա դրությամբ հոսպիտալացված է եղել 16 կովիդով երեխա:

Հայաստանում այս պահին սուր շնչառական այլ վարակներն ու գրիպը եւս տարածված են, ու քանի որ «Քովիդ 19»-ի և դրանց ախտանշանները գրեթե նույնն են, մասնագետները հորդորում են, անպայման դիմել բժշկի` շուտ ախտորոշման և կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար:

Հեղինակ` Լիանա Խաչատուրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում