Ծիրանենիները 20 օր շուտ են ծաղկել, սպասվում է ջերմաստիճանի նվազում

ԼԼիլիթ Ասատրյան

Այսօր ջերմաստիճանը իջնում է 5-6 աստիճանով, վաղը՝ ևս 6-8 աստիճանով, լույս ապրիլի 1-ին էլ՝ ևս 4-6 աստիճանով: Սկանդինավիայի շրջաններից արկտիկական օդային ցուրտ հոսանքներ են ներթափանցել:

Գագիկ Սուրենյան (Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ) - Վաղը այդ ցիկլոնի ուժը կտրուկ մեծանում է: Ամենամեծ թափը վաղը երեկոյան է դիտվելու՝ 4-ից հետո: Եթե այսօր առանձին շրջաններում են տեղումները, ապա վաղը կեսօրից հետո բոլոր շրջաններում են լինելու, ձյան տեսքով, թաց ձյան ու ձնախառն անձրևի տեսքով:

Սպասվում է նաև քամու ուժգնացում: Ամենացածր ջերմաստիճանը կլինի -4-ը՝ Գագիկ Սուրենյանն է մանրամասնում:

Գագիկ Սուրենյան - Նախալեռնային գոտում ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2-ից -4, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0-ից -2։
Հանրապետության հովտային գոտում, այդ թվում՝ Արարատյան դաշտում, ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0-ից -2C, հողի մակերևույթին՝ 3-ից -4C լուսադեմին 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։

Ծաղկած պտղատու ծառեր կան, բայց նախալեռնային գոտում ջերմաստիճանի իջնելուն զուգահեռ տեղումներ են լինելու, ծխեցնել չեն կարողանա: Արարատյան դաշտում հնարավոր է՝ չնայած ցածր ջերմաստիճանը կարճատև է լինելու:

Գագիկ Սուրենյան - Առանձին գյուղատնտեսներ կարող են ծխահարել, երբ 0-ից ցածր սկսի նկատվել, լուսադեմ 4-ից սկսած:

Սպասվող ցածր ջերմաստիճանին ու տեղումներին հաղորդագրությամբ արձագանքել է նաև Էկնոմիկայի նախարարությունը: Նախարարն էլ է ֆերմերներին կոչ անում ապահովագրել բերքը, իսկ առաջիկա օրերին ծաղկած ծառերի համար գիշերները ծխածածկույթ ապահովել:

Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Արարատի մարզում արդեն ոռոգումներ տեղի են ունեցել: Այն տեղերում, որտեղ ոռոգումը հնարավոր չէ, պետք է ծխածածկույթ կիրառել: Արմավիրի մարզի ֆերմերներին պետք է խնդրեմ, որ անպայման ծխածածկույթ կիրառեն:

Արդեն ապրիլի 2-4-ը ջերմաստիճանը կսկսի բարձրանալ այնքան, որքան նվազել էր:

Գագիկ Սուրենյան - Ապրիլի 4-ին արդեն Երևանում, Արարատյան դաշտում կլինի կրկին +20-+22 աստիճան:

Գարնանը ջերմաստիճանը կարող է նորմայից 1-2 աստիճան բարձր լինել: 2018-ից հետո ամենատաք մարտն է եղել այս տարի՝ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր էր 4-5 աստիճանով: Արարատյան դաշտում ծիրանենին ծաղկել է արդեն՝ բազմամյա միջին ժամկետի համեմատ 18-20 օր ավելի շուտ: Տեղումների քանակը դեռ նորմայի սահմաններում է՝ դրական շեղումով:

Գագիկ Սուրենյան - Ամսի 31-ի սպասվող ցիկլոնից հետո տեղումների քանակը կլինի նորմայից ավելի:

Գարնանային վարարումների մասին: Կանխատեսվում են՝ դրանք լինելու են մայիսին:

Լևոն Ազիզյան (Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրեն) - Մարտի 30-ի դրությամբ ձնածածկ առկա է 2200 մետրից բարձր հատվածներում, բարձրությունը 1 մետրից պակաս է անցած տարվա համեմատ:

Գարնանային վարարումների հոսքերի ծավալը սպասվում է նորմայից 50-70 տոկոսի սահմաններում, առավելագույն ելքերի անցումը կանխատեսվում է մայիսի առաջին և երկրորդ տասնօրյակում: Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման և հորդառատ տեղումների պայմաններում հնարավոր են ջրածածկումներ:

Շեշտում է՝ հստակ կանխատեսումներ հնարավոր կլինի տալ 3-4 օր առաջ:

Չնայած այսօրվա դրությամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ջրամբարների լցվածությունն 72 մլն-ով ավելի է, բայց ըստ կանխատեսումների՝ վերջնարդյունքում 2022-ից 10 տոկոսով պակաս կլինի:

Լևոն Ազիզյան - Ախուրյանի և Արփի լիճ ջրամբարում 65-70 տոկոս ջրալցվածություն, Ազատի և Մարմարիկի ջրամբարներում՝ 75-80 տոկոս, Ապարանում՝ 45-50 տոկոս ջրալցվածություն:

Սևանա լճի մասին առաջիկա ամիսների կանխատեսումները դրական են:

Լևոն Ազիզյան - Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում. hուլիսի 1-ին ապրիլի 1-ի համեմատ կլինի 21-26 սմ, իսկ տարեվերջին Սևանա լճի մակարդակը կլինի 1900, 13-1900,18 մ-ի սահմաններում, ինչը հունվարի 1-ի համեմատ ցածր կլինի 10-15 սմ-ով։

Ջրի պակաս արդյոք գյուղացիները կզգա՞ն, թե՞ ոչ՝ մայիսի 3-րդ տասնօրյակին հնարավոր կլինի հստակ գնահատականներ հնչեցնել: Ազիզյանը 2020-ի օրինակն է բերում՝ մինչև մարտի վերջ հիդրոօդերևութաբանական ավելի վատ պայմաններ էր արձանագրված, սակայն ապրիլի երրորդ տասնօրյակից մինչև մայիսի կեսերը տեղումների քանակը լրացվեց, և հավելյալ ոռոգման ջրի խնդիր չառաջացավ:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում