Ֆրանս-հայկական մասնագիտական կենտրոնում հրուշակագործության լաբորատորիա է բացվել

ԼԼիլիթ Ասատրյան

Հայ-ֆրանսիական բազմակողմ գործակցության հերթական արդյունքը: Ֆրանս-հայկական մասնագիտական կենտրոնում Հրուշակագործության լաբորատորիա բացվեց: Հանդիսավոր արարողությանը ներկա էր Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահի գլխավորած պատվիրակությունը:

Քրիստիան Դրոզ (Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ) - Ուզում ենք կրթության ոլորտում ավելի ամրապնդել հայ-ֆրանսիական կապերը, ներդրում ունենալ այս գործում: Մեր նպատակն է, որ հայ երիտասարդներն այնպիսի մասնագիտություններ ունենան, որն իրենց հնարավորություն կտա գտնել իրենց տեղը:

Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը եվրոպական չափանիշներին համապատասխանող կրթական հաստատություն է: Ներկայում այստեղ 250 ուսանող կա, սովորում են խոհարարություն, վարսավիրություն, դերձակություն, ատամնատեխնիկական գործ:

Լաբորատորիաները և արհեստանոցները հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով: Կենտրոնը նաև ընդլայնման և զարգացման ծրագրեր ունի՝ դասասենյակների կահավորում, նոր մասնագիտությունների դասավանդում, նաև՝ մասնաշենքի վերանորոգում:

Լևոն Հովհաննիսյան (Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար) - Երկու շաբաթ հետո սպասվում է Լիոնի քաղաքապետի այցը Երևան, ինչի շրջանակում նաև` այս կենտրոնի հետագա զարգացման հետ կապված կոնկրետ համաձայնություններ, և հետագա մեր ռազմավարությունը կընդունվի:

Կենտրոնի դասախոսներին վերապատրաստում են ֆրանսիացի մասնագետները, ծանոթացնում եվրոպական կրթության վերջին զարգացումներին. նաև ուսանողների համար են դասեր անցկացնում: Ուսանողներն էլ իրենց դասավանդողների հետ Ֆրանսիայում երբեմն վերապատրաստում են անցնում:

Արաքսիա Սվաջյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Եթե մենք ձգտում ենք միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն ապահովել, իսկ դա մեր կարևոր թիրախներից մեկն է, ապա սա շատ լավ հնարավորություն է` հասկանալու, թե եվրոպական զարգացած երկրներում ինչպես է կազմակերպվում այդ մասնագիտությունների գծով ուսումնառությունը, և փորձելու մեր երկրում ևս սա ներդնել:

Կենտրոնի պատասխանատուները վստահեցնում են՝ իրենց շրջանավարտների մեծ մասն իր տեղը գտնում է աշխատաշուկայում:

Հեղինակ` Լիանա Խաչատուրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում