Քաղաքային համայնքներում ինքնակամ կառույցները օրինականացնելու վերջնաժամկետը 2024 թ. հունվարի 1-ն է

ՀՀայկուշ Ասլանյան

Ինքնակամ խանութ, ավտոտնակ, պատշգամբ կամ անասնագոմ կառուցած քաղաքացիներին գույքն օրինականացնելու համար պետությունը երեք տարի ժամանակ է տվել: Կան, սակայն, բացառություններ. օրինակ, երբ շենքը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի խախտմամբ է կանգնեցվել, այսինքն՝ կառուցապատումն արվել է ջրատար-կոյատարի վրա կամ բարձրավոլտ ենթակայանի հարևանությամբ: Չափագրողները նկատել են, որ օրենսգրքի այս դրույթը խախտում են նաև համայնքապետարանները:

Ալբերտ Ակուլյան (չափագրման և գեոդեզիական ընկերության գործադիր տնօրեն) - Հաճախ ենք հանդիպել դեպքեր, երբ 60-րդ հոդվածի տակ հայտնված տարածքներ վարձակալությամբ են տրվել մարդկանց, իրենք էլ շինություններ են սարքել:

Քաղաքացիներն իրենց ինքնակամ կառույցները հաշվառելու և օրինականացնելու հնարավորություն ունեն մինչև 2024-ի հունվարի 1-ը: Որքան մոտենում է վերջնաժամկետը, այնքան աճում է բնակիչների ակտիվությունը: Արմավիրի մարզպետարանի գլխավոր ճարտարագետի խոսքով՝ քաղաքային և գյուղական համայնքներում ակտիվ իրազեկում է իրականացնում, որ բոլոր ինքնակամները, եթե չի խախտվել 60-րդ հոդվածը, օրինական դաշտ բերվեն:

Ռաֆիկ Երվանդյան (Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության գլխավոր ճարտարագետ) - Այնպես չէ, որ անպայման ուզում ենք կառույցը քանդվի: Մասնագիտորեն աջակցում ենք բնակչին, բայց եթե նկատելի շեղումներով է և հակասում է օրենքի պահանջներին, թույլ չենք տալիս օրինականացնել:

Խախտում է համարվում նաև, երբ շենք-շինությունը կառուցվել է հատուկ կարգավորման գոտիներում, այսինքն՝ միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհների հարևանությամբ՝ չպահպանելով սահմանված 18 մետր հեռավորությունը:

Ռաֆիկ Երվանդյան - Եթե շեղված է, ասենք՝ 10 մետր հեռավորության վրա է կառուցվել, քանդման ենթակա է, եթե ապահովում է համապատասխան հեռավորությունը, պետք է նայել սեյսմակայունությունը, կամ համապատասխանում է հողի գործառնականությանը՝ փոխա՞ծ է, թե՞ ոչ: 

Հաճախ հանդիպող խախտումներից են բնակելի շենքերի կցակառույցները. դրանք ոչ միայն աղավաղում են բնակավայրի ճարտարապետական տեսքը, այլև հարվածի տակ են դնում կառույցի ամրությունը: Ճարտարագետի կարծիքով՝ պատշգամբները մեծացնելու դեպքում պետք է նախ մասնագետների եզրակացությունը ստանալ: Կարևոր է նաև, որ դրանք ընդլայնելիս շենքի բնակիչները միասնական որոշում կայացնեն:

Ռաֆիկ Երվանդյան - Առաջ տալուց առաջ պետք է դիմեր համայնքի ղեկավարին, եթե նպատակահարմար գտներ, որ ճարտարապետական մասը չի խաթարվում, նաև, եթե հնարավոր է՝ բոլորը միասին պետք է անեն, ճարտարապետական լուծում պետք է տա, ոչ թե մեկը 5 մետր, մյուսը՝ 3 առաջ չգա:

Շատ են նաև մասնավոր տարածքներում կառուցված ապօրինի շինությունները:

Հովհաննես Գևորգյան (չափագրող) - Հիմնականում սեփական հողամասերի մեջ սարքած ինքնակամներ են՝ ավտոտնակներ, տան ինչ-որ հատված:

Ի տարբերություն քաղաքային համայնքների, որտեղ ինքնակամ կառույցները հաշվառելու և օրինականացնելու համար դեռ 10 ամիս կա, գյուղերում գործընթացը կշարունակվի ևս մեկ տարի՝ մինչև 2025-ի հունվարի 1-ը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում