Վարժական հավաքների մասնակիցների սոցիալական իրավունքները կերաշխավորվեն

ԼԼիլիթ Ասատրյան

Պահեստազորայինների վարժական հավաքների տևողությունն այս տարի կրճատվեց` 3 ամսվա փոխարեն դառնալով 25 օր, շուտով էլ մասնակցիների վճարը կլինի ըստ աշխատավարձի, որպեսզի քաղաքացին ու նրա ընտանիքը վարժանքներին մասնակցելու հետևանքով չունենան հավելյալ ֆինանսական բեռ և դրանից բխող այլ խնդիրներ՝ վճարների, վարկերի տեսքով:

Ռուբեն Սարգսյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Հիմնական աշխատավայրից երբ որ մեկնում էին, եկամուտը կորցնում էին, տուժում էր ընտանիքը, ճիշտ է` ըստ հաստիքների` ՊՆ-ից ստանում էին գումար, բայց դա հաճախ չէր ծածկում ընդհանուր եկամուտը:

Վարժանքներին մասնակցող քաղաքացիների հիմնական բարձրացրած խնդիրներից է սա՝ ընդգծում է Սոցապ փոխնախարարը:

Այսինքն` եթե գործող կարգավորմամբ սահմանված է, որ գործատուն պարտավորվում է պահպանել վարժական հավաքին մասնակցողի աշխատատեղն ու պաշտոնը, ապա նոր փոփոխությամբ կսահմանվի նաև աշխատավարձի տրամադրման նվազագույն շեմ՝ այն հաշվարկով, որ վարժանքներին մասնակցության համար ստացած վճարի և աշխատատեղից ստացածի գումարը հավասար լինի հիմնական աշխատավարձին:

Ռուբեն Սարգսյան - Սահմանում ենք հստակ երաշխիք, չենք սահմանափակում, եթե կուզի, ամբողջությամբ կարող է վճարել, բոլոր դեպքերում մասնակիցը նյութական վնաս չի կրելու: 200 000 եմ ստանում, ըստ կարգավորումների` պետք է ստանամ 50 000 դրամ, գործատուի համար նվազագույն շեմը ստացվում է 150 000 դրամ:

Եթե համատեղության կարգով մասնակիցը 2 կամ 3 գործատու ունի, ապա աշխատավարձի ու ՊՆ-ից ստացած գումարի տարբերությունը վճարելու են բոլոր գործատուները՝ ըստ իրենց մոտից ստացած աշխատավարձի համամասնության:

Սարգսյանը շեշտում է՝ այս օրենքը վերաբերում է բացառապես այն քաղաքացիներին, որոնք աշխատանքային պայմանագիր ունեն:

Ծառայություն մատուցման պայմանագրով աշխատողներն էլ փոքր թիվ չեն կազմում, ինչ մեխանիզմներով կկարողանան կարգավորել խնդիրն այդ դեպքում՝ դեռ քննարկումները շարունակվում են, մանրամասնում է Սարգսյանը: Ինչ վերաբերում է օրավարձով աշխատողներին, ապա այս դեպքում էլ կվճարվեն, եթե առկա է աշխատանքային պայմանագիր:

Ռուբեն Սարգսյան - Գործավարձի պարագայում օրական հաշվարկվում է` ինչքան պիտի ստանար, հանվում է ՊՆ-ի տրամադրած գումարը ու տրամադրվում:

Ապրիլի առաջին կեսին նախատեսվում է նոր նախագծի քննարկումն արդեն Ազգային ժողովում: Նախարարությունից ասում են` գուցե լինեն խմբագրական փոփոխություններ, բայց սկզբունքը նույնն է մնալու:

Ապրիլի 15-ից 2 ամիս ժամկետով կմեկնարկեն նաև Պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքները: Նախատեսված է այդ հավաքներին մինչև 953 քաղաքացու մասնակցություն։

Հեղինակ` Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում