Պլաստիկ կուլ տալու հետևանքով թռչունների մոտ առաջին անգամ ստամոքսի ֆիբրոզ է ախտորոշվել

ԼԼիլիթ Ասատրյան

Պլաստիկի օգտագործումը թռչունների անկման պատճառ կարող է դառնալ: Գիտնականներն ահազանգում են՝ ծովային թռչունների մոտ առաջին անգամ ախտորոշվել է ստամոքսի ֆիբրոզ, որն առաջանում է ստամոքսում պլաստիկի հայտնվելու հետևանքով։ Հայ թռչնաբանների խոսքով՝ չնայած այս ուղղությամբ հատուկ հետազոտություն Հայաստանում դեռ չի արվել, սակայն կան թռչուններ, որոնք պլաստիկոզով հիվանդանալու հակվածություն ունեն:

Կարեն Աղաբաբյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու) - Նման հավանականություն չենք բացառում մեզ մոտ՝ նաև Սևանում, որովհետև այնտեղ ձվադրում են ձկնկուլ թռչուններ, և Սևանի շրջակայքում պլաստիկի աղտոտման աստիճանը շատ բարձր է։

Խնդիրը նոր չէ, պարզապես, պլաստիկի ավելացմանը զուգահեռ, նշում են մասնագետները, անհրաժեշտություն է առաջացել նաև հատուկ հետազոտություն իրականացնել: Ծովային թռչունները ձկան հետ շփոթելով շշի կափարիչներ, տոպրակներ կամ պլաստիկից այլ մասեր են կուլ տալիս, ինչի հետևանքով ստամոքսում առաջանում են խցաններ՝ դառնալով անկման պատճառ։

Մամիկոն Ղասաբյան (թռչնաբան) - Թռչունների օրգանիզմը չի կարողանում մարսել պլաստիկը։ Պլաստիկը շատ վտանգավոր բան է, ինքը սուր ծայրեր ունի, ինչը, իրոք, կարող է վնասել ստամոքսի պատերը։ 

Նման խնդրի մասին տեղեկանալուց հետո նախարարությունը այսուհետև ավելի ինտենստիվ է մոնիթորինգ իրականացնելու. սա հատկապես վերաբերում է Սևանա լճում ձվադրող հայկական որորին և մեծ ձկնկուլին. գործակցելու են նաև ձկնորսների հետ:

Կարեն Աղաբաբյան - Դա ուղղակի կդառնա նոր հետազոտական ծրագիր՝ արդեն ժողովրդի միջոցով։ Եվ արդեն կհասկանանք՝ ինչքան է ծավալը, ինչքան է մասշտաբը և դրանից բխող հաջորդ քայլերը:

Թռչնաբանների խոսքով՝ չնայած այս խնդրի հնարավոր առկայությանը, վերջին տարիների հետազոտությունների արդյունքում, օրինակ՝ Սևանա լճի ծովային թռչունների թվի աճի միտում է գրանցվել. մասնագետների համոզմամբ՝ ճիշտ ռազմավարության դեպքում հնարավորություն կստեղծվի կանխել նմանատիպ խնդիրների պատճառով թռչունների անկումը, պոպուլյացիայի ավելացումն էլ կպահպանվի:

Հեղինակ` Լուսինե Գրիգորյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում