Անկենսունակ ծառերի փոխարեն մայրաքաղաքում կտնկվեն 10 տարեկան բարձրարժեք ծառեր

ԼԼիլիթ Ասատրյան

Թամանյանի արձանի շուրջը վաղ առավոտից իրականացվող ծառահատումներն առաջացրել են երևանցիների մի մասի զայրույթը: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը պարզաբանում է՝ ծառերն արմատախիլ են արվում գիտնականների հետ ունեցած քննարկումից հետո, միաձայն որոշում է կայացվել փոխարինել քաղաքում իրենց գործառույթը կորցրած հին ծառատեսակները:

Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Բոլոր այն ծառերը, որոնք փոխարինվում են, իրապես իրենց կյանքի վերջին տարիներն են ապրում: Հիմնականում դրանք թեղիներ են, ունենք այստեղ հացենիներ նաև, դրանք փոխարինվում են բարձրարժեք տասնամյա ծառերով, որոնք որ հատուկ Երևանի բնակլիմայական պայմանների համար են ստեղծված, որոնք որպես ծառ իրենց ֆունկցիան կատարելու են:

Հատման ենթակա ծառերի վրա քաղաքապետարանը փակցրել է համապատասխան որոշումը: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպության տնօրենի խոսքով՝ թեղիների մեծ մասը տնկվել է դեռ 1949 թվականին և սպառել իրենց նշանակությունը:

Արմեն Բեգոյան («Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն) - Այդ ծառերն այն աստիճանի հիվանդ են և անկենսունակ, որ նույնիսկ սաղարթ չեն ձևավորում:

Այսօր հատված 40 ծառի փոխարեն վաղը կտնկվեն 46-ը: Քաղաքապետարանի ներկայացուցիչների հավաստմամբ՝ դրանք նաև կազդեն Երևանի օդի որակի վրա:

Արմեն Բեգոյան - Մեր օդի վիճակն այնպիսին է, որ Երևանի քաղաքապետարանը գնացել է նրան, որ անգամներ ավելի թանկարժեք ծառատեսակներ են ձեռք բերվել, ավելի հասուն ծառատեսակներ, որովհետև մենք այլևս այն ժամանակը չունենք, որ, կներեք, իմ մատի չափ շիվը դնենք և 10 տարի սպասենք, որ ծառ դառնա:

Հին ծառերը նորով կփոխարինվեն նաև մայրաքաղաքի այլ հատվածներում: Երևանն առաջիկայում 2000 նոր ծառ կունենա:

Հեղինակ` Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում