«Նովրուզ փիրուզ բադ». իրանցի զբոսաշրջիկները Հայաստանում այս տարի քիչ են

ԼԼիլիթ Ասատրյան

Նովրուզ փիրուզ բադ... 

Իրանցիները միմյանց այսպես են շնորհավորում Նոր տարվա առթիվ, որը տոնում են գարնանային գիշերահավասարի ժամանակ: Շատերը նախընտրում են Նովրուզն անցկացնել Հայաստանում, թեպետ տուրիստական գործակալություններն այս տարի զբոսաշրջիկների պասիվություն են արձանագրել:

Սևակ Դավուդյան (տուրիստական ընկերության փոխտնօրեն) - Կարող եմ ասել՝ 5-6 անգամ ավելի քիչ ամրագրում ենք արել:

Դա առաջին հերթին կապված է իրանական ռիալի արժեզրկման հետ, նշում է զբոսաշրջային ընկերության փոխտնօրենը:

Սևակ Դավուդյան -  Անցած տարի մոտավորապես 24 հազար թուման էր 1 դոլարը, իսկ այս տարի` մոտ 50 հազար:

Հայաստանում էլ դրամն է արժևորվել, ինչն իր հերթին պատճառ է դարձել, որ զբոսաշրջիկների համար այստեղի ծառայությունները դոլարով ավելի թանկ լինեն: Տոնականությունը նույնպես այս տարի քիչ է: Նախկինում իրանցի արտիստների 3-4 համերգ էր լինում Հայաստանում: Հիմա մեկն էլ չկա: Դարձյալ՝ տոմսի կրկնակի գնի պատճառով:

Սևակ Դավուդյան - Օրինակ՝ անցած տարի հայկական ավիաընկերությունը ամեն օր թռիչք էր դրել: Բացի Թեհրանից, նաև թռիչք էր դրել Ռաշտ քաղաքից: Նովրուզի համար երեք թե չորս հատ թռիչք էր դրել: Իսկ այս տարի շաբաթական երեք հատ են թռչում, իրանականները... «Ղեշմ էյր»-ը շաբաթը երկու հատ էր, «Էրթուր»-ը նույնպես շաբաթական երկու հատ էր: «Ղեշմ էյր»-ը երկու հատ թռիչք հավելյալ ավելացրել է Նովրուզի կապակցությամբ:

Իրանցի զբոսաշրջիկներն այս տարի կրճատել են թե՛ Հայաստանում մնալու տևողությունը, թե՛ շրջագայությունների ուղղությունները:

Տուրիստական ընկերության փոխտնօրենի խոսքով` այս տարի ավելի քիչ զբոսաշրջիկներ էին սպասվում Իրանից. Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո շատերի զբոսաշրջային ուղղությունը փոխվել է դեպի Հայաստան:

Զբոսաշրջային կոմիտեն այս Նովրուզին Իրանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների վերաբերյալ վիճակագրություն կհրապարակի ապրիլին:

2022 թվականի մարտին Իրանից Հայաստան է եկել մոտ 12.400 զբոսաշրջիկ, 2021-ի մարտին՝ մոտ 5000: 2020-ի նույն ամսին՝ 428, իսկ 2019-ի մարտին՝ մոտ 11.350:

2020-ի փոքր թիվը պայմանավորված է քովիդի համավարակի շրջանով:

Իսկ տարեկան ցուցանիշները այսպիսին են՝

2022 թվականին՝ մոտ 118.000 զբոսաշրջիկ, 2021-ին՝ 9000-ից ավելի, 2020-ին՝ ավելի քան 19.000, 2019-ին՝ մոտ 124.000:

Հեղինակ` Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում