Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ԱԺ-ում ներկայացրել է 2022-ի ծրագրի կատարողականը

ԼԼիլիթ Ասատրյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն անընդունելի է համարում Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենի կողմից հիվանդների շահագործման և խոշտանգման դեպքերը: Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում նախարարության 2022 թվականի կատարողականը ներկայացնելիս Նարեկ Մկրտչյանը հույս հայտնեց, որ հարուցված քրեական վարույթի շրջանակում բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Այնտեղ 450 շահառու հիմա էլ շարունակում են իրենց ծառայությունները ստանալ, խնամք ստանալ: Մենք էլ ավելի մեր ուշադրությունը, ջանքերը կլարենք մեր խնամքի կենտրոնների ուղղությամբ: Ասեմ, որ այստեղ էլ մոնիտորինգի նոր գործիքներ ենք փորձում ներդնել վերջին շրջանում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի խոսքով՝ որևէ քաղաքական ուժ չի կարող կանխարգելել նման հաստատություններում իրականացվող ապօրինությունները: Նախկին նախարարն առաջարկում է պարզապես փակել այս տեսակի տուն-ինտերնատները:

Զարուհի Բաթոյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Որևէ տնօրեն մրցույթի ժամանակ չի ասում, որ գալիս է բնակիչներին խոշտանգելու: Այս հաստատությունները փակելը հեշտ չէ, բայց ես ուզում եմ հասկանալ՝ մենք մի օր դա սկսելու ենք, թե ոչ:

Անդրադառնալով նախորդ տարվա կատարողականին` նախարարը նշեց՝ իրականացված վարչարարության և սոցիալական աշխատանքների շնորհիվ ավելի քան 10 հազար ընտանիք դուրս է եկել ընտանեկան նպաստի համակարգից, մեծ մասը աշխատանքի է տեղավորվել:

Նարեկ Մկրտչյան - 2022 թ. միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների միջնորդությամբ աշխատանքի է տեղավորվել 10 հազար 362 անձ: Այս աշխատանքի տեղավորվածներից 9693-ը գործազուրկ էին գրանցված, և 8685-ն ընտանեկան նպաստ համակարգում հաշվառված անձինք էին եղել:

Նարեկ Մկրտչյանը շեշտեց՝ ծայրահեղ աղքատության հաղթահարման հարցում կարևոր են համարում ոչ թե քաղաքացիներին նպաստների տրամադրումը, այլ զբաղվածության ապահովման մեխանիզմների զարգացումը:

Նախորդ տարվա կարևոր ձեռքբերումներից մեկն էլ հուլիսից անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու համակարգի գործարկումն է՝ նշեց Նարեկ Մկրտչյանը:

Նախարարն ընդգծեց՝ ծրագրի մեկնարկի համեմատ 2022-ի դեկտեմբերին անկանխիկ գործարքների ծավալը քառապատկվել է:

Նարեկ Մկրտչյան - Եթե ծրագրի մեկնարկի առաջին ամսին՝ 2022 թվականի հուլիսին, անկախնիկ գործարք է կատարել 16 հազար 903 շահառու, փոխանցված հետվճարի գումարը կազմել է շուրջ 44 մլն դրամ, ապա 2022 թվականի դեկտեմբեր ամսին անկանխիկ գործարք է կատարել շուրջ 66 հազար 797 շահառու, հետվճարի գումարը կազմել է շուրջ 226 մլն դրամ:

Խորհրդարանի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նախարարի ներկայացրած զեկույցն ընդունեց ի գիտություն: Այն կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում:

Հեղինակ` Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում