ԳԳոհար Սարգսյան

«Մատչելի բնակարան զինծառայողին» ծրագրի շրջանակում 2022 թ. 917 զինծառայող ձեռք է բերել բնակարան. Պապիկյան

«Մատչելի բնակարան զինծառայողին» ծրագրի շրջանակում 2022 թ. 917 զինծառայող ձեռք է բերել բնակարան. Պապիկյան

2022 թվականին Ազգային ժողովն ընդունել է «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրինագիծը, որի շրջանակում իրականացվել են զինված ուժերի և զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունների, ենթակա միավորումների ու զորամասերի կազմ-կառուցվածքային փոփոխություններ: Կազմավորվել են ուսումնական կենտրոն, զորավարժադաշտ և նոր կարգապահական ստորաբաժանումներ:

Իրականացվել են նոր կառուցվածքների ներդրման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների նախագծերի մշակման աշխատանքներ: Արհեստավարժ սերժանտական համակարգի ներդրման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, մշակվել և հաստատման է ներկայացվել ճանապարհային քարտեզը. ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում:

Հանձնաժողովում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը:

Նախարարի տեղեկացմամբ՝ օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերանայվել են պաշտպանության ոլորտում պետական կառավարման մարմինների լիազորությունները, ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպայական կազմի զինծառայողների համար սահմանվել է անհատույց օգտագործման իրավունքով բնակարան ստանալու իրավունք: Սահմանվել են նաև մարտական խնդիրների իրականացմանն առնչվող պայմանագրային զինծառայողների ատեստավորման նոր համակարգ, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության փոխադրման նոր կարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը:

Ըստ զեկուցողի՝ մշակվել է ՀՀ պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների զորահավաքային մասնագետների պատրաստության 10-օրյա ծրագրի նախագիծ, ինչն այժմ գտնվում է համաձայնեցման փուլում: 

Հաշվետու ժամանակահատվածում մշակվել և հաստատման են ներկայացվել մի շարք ռազմավարական բնույթի ու այլ առաջնորդող փաստաթղթերի նախագծեր: Պետական սահմանի պահպանության գործառույթը փուլ առ փուլ փոխանցվում է ՀՀ սահմանապահ զորքերին: Առաջնագծում շարունակվել է տեսադիտարկման համակարգերի տեղադրումը:

«Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացումը եղել է մեր ուշադրության կենտրոնում, և 2022 թվականի ընթացքում մշակվել է «Մատչելի բնակարան զինծառայողին» պետական նպատակային ծրագրի շրջանակում զինծառայողներին հիփոթեքային վարկի կանխավճարի տրամադրման և տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման ապահովմանը վերաբերող ծրագիրը»,- ընդգծել է Սուրեն Պապիկյանը և հավելել՝ ծրագրի միջոցով 2022 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ 917 զինծառայող ձեռք է բերել բնակարան կամ բնակելի տուն:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են առաջնագծի կահավորմանը, ինժեներական աշխատանքների ընթացքին, բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների կարգավորմանը, անվտանգային համակարգում առկա խնդիրներին:

Նախարարը նշել է, որ բանակը կարգապահ դարձնելու համար մի շարք քայլեր են ձեռնարկվում, այդ թվում՝ օրենսդրական փոփոխություններ: Սուրեն Պապիկյանի տեղեկացմամբ՝ 2021 թվականի նկատմամբ 2022 թվականին դեպքերի, պատահարների և հանցագործությունների էական նվազեցում կա: Զեկուցողի խոսքով՝ համակարգում, այդուամենայնիվ, խնդիրները շատ են, և դրանց լուծման ուղղությամբ նախարարությունն իրականացնում է հսկայական աշխատանք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում