Նպաստառուից՝ բիզնեսմեն. 300 շահառուի բիզնես ծրագիր իրագործման փուլում է

ՌՌոզա Խաչատրյան

Մի քանի ամիս առաջ Տիգրանուհին՝ որպես անապահովության գնահատման համակարգի շահառու, ստանում էր նպաստ, այսօր արդեն իր բիզնեսն է հիմնել: Նպաստառուից բիզնես լեդի դառնալը մի քանի ամսվա աշխատանք էր:

Տիգրանուհի Դավթյան («Դավթյան» ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն) - Իմացա Սոցիալական աշխատողների ասոցիացիայի և նախարարության կողմից կազմակերպվող ծրագրի մասին ու բավականին երկար փուլով անցա՝ մինչև այս կետին հասնելը:

Նախ՝ մոտիվացիոն հարցազրույց անցած 4000 շահառուների մեջ էր, հետո՝ բիզնես դասընթացների մասնակցած 600 ընտրվածների, հաջողակ 300-ի մեջ նաև Տիգրանուհու բիզնես գաղափարը հավանության արժանացավ:

Տիգրանուհի Դավթյան - Լինելով բանասեր, մանկավարժ և, ունենալով մանկավարժական 10 տարիների փորձ, միշտ ցանկություն եմ ունեցել հիմնել սեփական ուսումնական կենտրոնը:

Այսօր արդեն բազմաթիվ աշակերտներ է ընդունում՝ իր բազմոլորտ զարգացման կենտրոնում:

Տիգրանուհի Դավթյան - Մատուցում ենք դասապատրաստման ծառայություններ 1-9-րդ դասարանի երեխաների համար, անհատական պարապմունքներ, օտար լեզուների ուսուցում, սպորտային և եվրոպական պարերի, ազգային պարերի խմբակներ, նկարչության, կավագործության, ինչպես նաև լոգոպեդի ծառայություններ:

Եկամուտ դեռ չունի, բայց վստահ է՝ արդյունքը սպասեցնել չի տա: 9-ամյա Մակիչն ու Էրիկը մայրենիի դասը սովորում են այստեղ, ուսուցիչը դժգոհ չի մնում:

Ծրագրի բոլոր շահառուները անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքներն են:

Անի Չիլինգարյան (ՀՀ ԱՍՀՆ ՄՍԾ պետի առաջին տեղակալ) - Ծրագիրը նպատակ ունի կարևորել Հայաստանում սոցիալական պաշտպանության բնագավառում բարեփոխումների իրականացումը, ինչպես նաև երկրի աղքատության հաղթահարմանն ուղղված ծրագրերի կարևորությունը բարձրացնել: Դրա շրջանակներում էլ ՀԲ-ի համակարգմամբ և Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ 5 մարզերում իրականացվել է ծրագիրը:

Գլխավոր նպատակը քաղաքացուն սոցիալապես ակտիվ և տնտեսապես ինքնաբավ դարձնելն է: 300 շահառուի բիզնես ծրագրերը տարբեր փուլերում են: Ընդհանուր առմամբ ներկայացվել է բիզնեսի 60 տեսակ:

Անի Չիլինգարյան - Սկսած անասնաբուծությունից, կերերի արտադրությունից մինչև առևտուր, առք ու վաճառք:

Որոշ շահառուներ՝ որպես եկամուտ ստացող իրավաբանական անձինք, շուտով կլքեն անապահովության գնահատման համակարգը: Ծրագրի արդյունքները կամփոփվեն մայիսին, եթե արդյունավետությունը բարձր լինի, կդիտարկվի պիլոտային ծրագիրը շարունակելու տարբերակը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում