Պատվաստումից հրաժարված ծնողները կարմրուկի դեպքերից հետո երեխաներին տանում են պատվաստման

ՎՎարդուհի Բալյան

Հայաստանում կարմրուկի վերջին դեպքերի գրանցվելուց առաջ, եթե, օրինակ՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» պոլիկլինիկայում սուր վարակիչ այդ հիվանդության դեմ օրական միջինը 3-4 պատվաստում էին անում, հիմա այդ թիվը հասնում է 38-ի: Հիմնականում՝ երեխաներ:

Հռիփսիմե Մովսիսյան  («Սուրբ Աստվածամայր» պոլիկլինիկայի տնօրեն) - 
Մոտավոր քանակով 200 անձ արդեն պատվաստվել է: Տարբեր տարիքային խմբերի: Ունենք 2 տարեկաններ, ունենք 4-7 տարեկաններ, ունենք 7-18 տարեկան պատվաստվածներ:

Նրանց մեծ մասի ծնողները ժամանակին հատուկ գրությամբ հրաժարվել են պատվաստել երեխաներին: Հիմա գրությունների թղթապանակը բացվում է ոչ թե նոր հրաժարումների, այլ նախկին որոշումը փոխելու պատճառով:

Տնօրենը կարծում է՝ ի տարբերություն քովիդի, այս դեպքում գործ ունենք ոչ թե պատվաստանյութի նկատմամբ անվստահության հետ, այլ կարմրուկի եզակի դեպքերի պատճառով է, որ թուլացրել է զգոնությունը, ու պատվաստումը համարվում է անտեղի: Բայց, ընդգծում է՝ հիվանդությունը նահանջում է հենց պատվաստումների շնորհիվ, և դա երբևէ չի առաջարկվում առանց անհրաժեշտության: Իր ղեկավարած հաստատության օրինակով նշում է, որ եթե տարիներ առաջ պատվաստումային տարիքի անձանց 98 տոկոսը ստանում էր անհրաժեշտ դեղաչափը, աստիճաբանաբար ծածկույթը սկսել է նվազել՝ հասնելով մինչև 90-92 տոկոսի: Ի դեպ, այս պոլիկլինիկայի շահառու երեխաներից մեկը կարմրուկով վարակված և հոսպիտալացվածների թվում է: Նրա հետ շփված անձինք նույնպես կանխարգելիչ պատվաստվում են ստացել:

Հռիփսիմե Մովսիսյան - Հայրիկը, մայրիկը, մորական տատիկը-պապիկը: Հորական տատիկը եղել է 55 տարեկանից բարձր անձ, որին չի թույլատրվում պատվաստում կատարել, որովհետև պատվաստումների հրամանի մեջ նշված է, որ մինչև 55 տարեկանը կարող են պատվաստվել: 

Մարտի 10-ի դրությամբ՝ կարմրուկով վարակվելու 46 դեպք է հաստատվել: Առաջին դեպքը մարտի 4-ին էր:

Գայանե Սահակյան (ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն) - 30 դեպքը երեխա են, իսկ 16-ը՝ մեծահասակներ: Դեպքեր ունենք գերազանցապես Երևանում, նաև մարզերում են գրանցվել, որոնք բոլորը համաճարակաբանորեն կապված են նույն օջախի հետ:

Այսօրվա դրությամբ հոսպիտալացված են վարակվածներից 15-ը, 17-ը արդեն դուրս են գրվել, մյուսներին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել: Վարակակիրներից 43-ը պատվաստված չեն, 3-ը պատվաստված են մեկ դեղաչափով:

Գայանե Սահակյան - Բավականին կայուն է արտաքին միջավայրում վիրուսը և բավականին կոնտագյոզ է, այսինքն՝ մեր իմացած բոլոր վարակիչ հիվանդություններից իր վարակելիությամբ առաջին հիվանդությունն է: Մեկ հիվանդ մարդը կարող է վարակել 18-20 մարդու:

Այդուհանդերձ, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենը նշում է՝ կասկածելի դեպքերի լաբորատոր հաստատումները աստիճանաբար նվազում են:

Գայանե Սահակյան - Բոլոր դեպքերում մենք ունենք որոշակի փաստեր, որոնք խոսում են այն մասին, որ կկարողանանք վերահսկել իրավիճակը և տեղայնացնել:

Մարտի 4-ից հետո կարմրուկի դեմ իրականացվել է ընդհանուր առմամբ մոտ 3100 պատվաստում, այդ թվում՝ 300 բուժաշխատող, 300 կոնտակտավոր:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում