Վարչապետին է ներկայացվել Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հաշվետվությունը

ՎՎարդուհի Բալյան

Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեում վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել կառույցի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը:

Վարչապետին զեկուցվել է, թե ինչ աշխատանքներ են կատարվել ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անվտանգության ապահովման, իոնացնող ճառագայթման հնարավոր վնասակար ազդեցությունից բնակչության ու շրջակա միջավայրի պաշտպանության ուղղությամբ:

Նշվել է, որ շարունակվել են Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության բարձրացման և 2-րդ էներգաբլոկի շահագործման պայմանների ու պահանջների կատարման միջոցառումները: Ատոմակայանի ֆիզիկական պաշտպանության ապահովման նպատակով շարունակվել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ աշխատանքը: Մանրամասներ են ներկայացվել 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման, նորի կառուցման, ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային ծրագրի մշակման վերաբերյալ:

Ներկայացվել է շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի ծրագրով տարվող աշխատանքը, որն իրականացվում է Եվրոպական միության օժանդակությամբ ներդրված ժամանակակից համակարգերի միջոցով: Նշվել է, որ նախատեսվում են գիտահետազոտական ոլորտում արագացուցչի կիրարկման, միջուկային բժշկության զարգացման, կադրերի վերապատրաստման աշխատանքներ:

Աշխատանք է տարվում «Խաղաղ նպատակով ատոմային էներգիայի օգտագործման մասին» օրենքի բարելավման և Հայաստանի օրենսդրությունը Եվրամիության դիրեկտիվներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Վարչապետն անդրադարձել է ոլորտի կադրերի պատրաստման և վերապատրաստման խնդրի կարևորությանը՝ նշելով, որ պետք է կոնսոլիդացնել ոլորտային կրթությանն ուղղվող ռեսուրսները և որակյալ համակարգ ձևավորել:

Փաշինյանը կարևորել է ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում նախանշված առաջնահերթությունների պատշաճ իրականացումը:

Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում