ՔՏՀԱՏՄ-ն 2022-ին իրականացված 50 սուբվենցիոն ծրագրում խախտումներ է հայտնաբերել

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2022 թվականին իրականացված 500 սուբվենցիոն ծրագիր է մշտադիտարկել, 50-ի դեպքում խախտումներ հայտնաբերել, տվել թերությունները վերացնելու ցուցումներ և նշանակել վարչական տույժեր:

Սուրեն Մինասյան (ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ) - Ճանապարհաշինարարական աշխատանքներում, օրինակ, հիմնական խախտումները՝ մեր կողմից դիտարկված վերջին շրջանում, ճանապարհային նշանների բացակայությունն էր, գծանշումների բացակայությունն էր, որոնց մասով ավարտական ակտի փուլում տրվել է մերժման եզրակացություն:

Տեսչականը հաստատված նախագծից շեղումներ է արձանագրել նաև կատարված շինաշխատանքներում: Պատշաճ լրացված չեն եղել շինհրապարակների վարման մատյանները: Պատասխանատու գերատեսչության ղեկավարի տեղակալը հիշեցնում է՝ շինարարության ավարտից հետո իրենք պարտադիր արձանագրություն են կազմում, տալիս կա՛մ դրական, կա՛մ բացասական եզրակացություն: Ըստ այդմ էլ որոշվում է՝ ճանապարհը, դպրոցը, մանկապարտեզը կամ այլ շենք, շինություն շահագործման հանձնելու համար ավարտական ակտ տրամադրե՞լ, թե՞ ոչ:

Սուրեն Մինասյան - 2022 թվականին ունեցել ենք 202 դիմում հանձնաժողովին մասնակցելու, տվել ենք 86 դրական եզրակացություն, մոտ 70 մերժման եզրակացություն: Հիմնական մերժման եզրակացությունները Լոռու մարզում են գրանցվել:

Եթե խախտումը փոքր է, կապալառու ընկերությանը պարտադիր տուգանվում է, տրվում է հստակ ժամկետ՝ թերությունները վերացնելու համար: Որոշ դեպքերում վարչական պատասխանատվության են ենթարկվել կառուցապատողը, շինարարը, նախագծողը, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնողը: Քաղաքաշինության ոլորտում թույլ տրված խախտումների համար տեսչական մարմինը նաև իրավապահ մարմիններին է հաղորդումներ ներկայացրել: Խոսքը կոպիտ՝ չշտկվող դեպքերի մասին է, որոնց հիման վրա քրեական գործեր են հարուցվել:

Սուրեն Մինասյան - Ընդհանուր առմամբ 2022 թվականին քաղաքաշինության բնագավառում նշանակվել է 50 միլիոն 450 հազար դրամի վարչական տուգանք: Մեր հորդորն է բոլոր կապալառու կազմակերպություններին, որոնք այս պահին իրականացնում են գործունեություն քաղաքաշինական ոլորտում, խստագույնս պահպանեն շինարարական նորմերը՝ սկսած շինհրապարակի կահավորումից, շրջակա միջավայրի պահպանությունից:

Տարվա մեջ մեկից ավելի անգամ խախտումներ թույլ տված քաղաքաշինական սուբյեկտները կարող են զրկվել լիցենզիայից, եթե Քաղաքաշինության կոմիտեն բավարարի տեսչական մարմնի դիմումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում