ՎՎահե Դավթյան

Արդյունավետ կառավարումը՝ հիմնական պայման. Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Արդյունավետ կառավարումը՝ հիմնական պայման. Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների ու Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:

Ողջունելով ներկաներին՝ պետնախարարը նշել է, որ տարածքային համաչափ զարգացումը Արցախի կառավարության առաջնահերթությունների թվում է, և պարենային, էներգետիկ անվտանգության ու ռազմավարական նշանակության այլ հարցերում հաջողություններ ունենալու հիմնական պայմանն արդյունավետ կառավարումն է:

«Հատկապես շրջաններում ենթակառուցվածքների զարգացման ու սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման ծրագրերը իրականացվելու են անշեղ: Մեր խնդիրն է, որպեսզի շրջանային վարչակազմերը կարողանան լուծել իրենց առջև ծառացած առաջնային կարևորության սոցիալական խնդիրները:

Գյուղաբնակ մեր հայրենակիցը չպետք է անհարմարություններ կրելով ու միջոցներ վատնելով հասնի մայրաքաղաք՝ այս կամ այն կառույցում փնտրելով իր խնդրի լուծումը»,- նշել է Գուրգեն Ներսիսյանը:

Պետնախարարը արդի մարտահրավերների համատեքստում կարևորել է շրջաններում ու մայրաքաղաքում խնդիրների շարունակական գույքագրման աշխատանքները և պատասխանատուներին հանձնարարել հրատապ լուծում պահանջող խնդիրները ներկայացնել կարճ ժամկետում: Որպես առաջնահերթություն՝ անդրադարձ է կատարվել գարնանացան աշխատանքների ընթացքին: Քննարկվել են դիզվառելիքի պահանջվող ծավալի և սերմացուների ձեռքբերման ու մատակարարումներն ապահովելու հարցեր:

Պետնախարարը շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարել է վաղը խորհրդակցություն հրավիրել վարչակազմերի աշխատողների մասնակցությամբ և փոխանցել անշեղ աշխատանքային կարգապահություն ապահովելու՝ աշխատանքային ռեժիմի, փոխհարաբերությունների, քաղաքացիների պատշաճ ընդունելություն և շփումների ընթացքում հանրային ծառայողին հարիր վարք ցուցաբերելու իր պահանջը։

Շրջանների վարչակազմերի ղեկավարների հետ հանդիպումներն ու խորհրդակցությունները լինելու են պարբերաբար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում