Պետպատվերով բուժօգնության ծառայություններն ընդլայնվել են

ՀՀովհաննես Վարդանյան

Պետպատվերով բուժօգնության ծառայություններն ընդլայնվել են: Առողջապահության նախարարությունը տարեսկզբին Շիրակի մարզում նախածննդյան շրջանում հաշվառված հղիներին հնարավորություն է ընձեռել պրենատալ սքրինինգի հետազոտություններն անվճար անցնել: Գերձայնային և բիոքիմիական հետազոտական ծառայությունները նախկինում ոչ բոլորին էին հասանելի:

Ռուզան Մարտիրոսյան (ՀՀ ԱՆ մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ) - Առաջին սքրինինգի ընթացքում, որպես կանոն, հայտնաբերվում են գենետիկ շեղումներ, որոշ համախտանիշներ, օրինակ՝ Դաունի համախտանիշը, իսկ երկրորդ սքրինինգի ժամանակ ավելի մեծ ժամկետում` հղիության 18-22 շաբաթականում, որպես կանոն, հայտնաբերվում են օրգանական որոշակի շեղումներ, օրինակ՝ սրտի բնածին արատներ, այլ անատոմիական շեղումներ:

Պտղի մոտ հնարավոր խնդիրն ավելի վաղ հայտնաբերելու համար կանայք երկու հետազոտություն պետք է անցնեն՝ մեկը՝ հղիության 11-14, մյուսը՝ 18-22 շաբաթականում, շեղումների դեպքում պետք է ուղեգրվեն երրորդ մակարդակի բժշկական հաստատություններ:

Ռուզան Մարտիրոսյան - Եթե նախկինում պրենատալ սքրինինգը կատարվում էր հանրապետության ամբողջ տարածքում միայն բարձր ռիսկի հղիների համար, Շիրակի մարզում նախածննդյան հսկողության հաշվառված հղիների համար ծրագիրը գործում է բոլոր հղիների համար՝ անկախ ռիսկի ֆակտորներից;

Իսկ ռիսկի խմբում նախկինում ընդգրկված էին միայն 35-ից բարձր տարիքի կանայք: Հետազոտությունը նախկինում անվճար էր միայն նրանց համար: Ըստ Ռուզան Մարտիրոսյանի՝ ծրագրի շարունակականությունը կախված է արդյունավետությունից: Եթե արդյունքը արդարացնի, չի բացառվում, որ շուտով քննարկվի նաև աշխարհագրության ընդլայնման հարցը: Հնարավոր բարդությունները՝ արատներն ու գենետիկ շեղումները, ավելի վաղ կանխելու համար մասնագետն ասում է՝ բոլոր հետազոտությունները պետք է ժամանակին անցնել:

Ռուզան Մարտիրոսյան - Պրենատալ սքրինինգի և այդ հետազոտությունների արդյունքում հայտնաբերված որոշ արատներ ենթակա են հետագա շտկման, և դրանց վաղ հայտնաբերումը շատ կարևոր է որոշելու հղիության հետագա ելքը, ծննդալուծման եղանակը, ծննդալուծման ժամկետը:

Եթե խնդիրը վաղ հայտնաբերվի, նեղ մասնագետի հետ խորհրդակցելով հնարավոր է որոշել, թե նորածնին երբ կամ որ տարիքում կարող են վիրահատել կամ բուժել այդ արատը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում