Ստեղծվում է Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն

ՌՌոզա Խաչատրյան

2022-ին աննախադեպ քանակի հայրենադարձության հայտեր ստացած Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայրենադարձների կյանքը հեշտացնելու տարբերակ է գտել: Ստեղծվում է Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն:

Մարգարիտա Բաղդասարյան (Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի աշխատանքների համակարգող) - Բուն գործառույթը լինելու է հայրենադարձներին կամ ընտանիքներին խորհրդատվություն և աջակցություն մատուցելը:

Կենտրոնը լինելու է հայրենադարձի բոլոր հարցերի հասցեատերը ու անհրաժեշտ միակ հասցեն՝ պետական մյուս կառույցներ ու գերատեսչություններ գնալու փոխարեն:

Մարգարիտա Բաղդասարյան - Մենք ստեղծում ենք այն գրասենյակը, որ կզբաղվի հայրենադարձների բոլոր խնդիրներով, կընդունի հայրենադարձին նախքան Հայաստան տեղափոխվելը, կապվեն մեզ հետ, կբացատրենք բոլոր պրոցեսները:

Հայաստան տեղափոխվելուց հետո 6 ամիս հայրենադարձը կպահի կապը կենտրոնի հետ՝ անցնելով պետության կողմից պահանջվող բոլոր գործընթացները:

Մարգարիտա Բաղդասարյան - Չենք թողնի, որ ինչ-որ խոչընդոտներ լինեն, որ ինչ-որ տեղից չգան ասեն՝ էս թուղթը չեմ բերել, էս բանը ինձ չեն բացատրել: Ուզում ենք, որ երբ հայրենադարձը գա, պատրաստ լինի բոլոր գրասենյակների հետ շփմանը:

Մարգարիտան ինքն էլ հայրենադարձ է, անձնական փորձով գիտի՝ ինչի կարիք ունեն ու ինչ խնդիրների են բախվելու Հայաստան վերադարձողները: Մտադիր են հայրենադարձման մեծ ալիքը սանձել ու բաց չթողնել:

Մարգարիտա Բաղդասարյան - 2021-23 թթ. մեծ ծավալով մարդիկ են եկել Սիրիայից: Բուն խնդիրը այն էր, որ պետական ապարատը պատրաստ չէր էդպիսի ծավալի ընդունելու: Ուզում ենք այս կենտրոնով դա ապահովել:

Կենտրոնն ունի նաև ինտեգրման բաղադրիչ: Հայերենի անվճար դասընթացներ, որոնք արդեն ընթանում են, բիզնես դասընթացներ, լիցենզիաներ ձեռք բերելու կարգերի ներկայացում և այլն:

Մարգարիտա Բաղդասարյան - Կենտրոնի ամենամեծ գործընկերը Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամն է, որը մեզ տրամադրում է տեղ կենտրոնում, և իրենք են ստանձնել կենտրոնի վերանորոգման և հարդարման աշխատանքները:

Աշխատանքները գրեթե ավարտված են, մնում է կահավորել ու թիմին վերապատրաստել: Գարնան վերջին արդեն Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը կսկսի իր աշխատանքը: Հասցեն Երևանի սրտում՝ Կառավարության հարևանությամբ է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում