Եթե Արևմուտքը միջուկային զենքի փորձարկումներ անցկացնի, մենք հայելային կարձագանքենք. Պուտին

ԴԴիանա Գասպարյան

Մոսկվան արեց հնարավորը՝ ուկրաինական ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու համար՝ Դաշնային ժողովին ուղերձում հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Մենք իսկապես հնարավոր ամեն ինչ արեցինք, որ այս խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով: Մենք համբերատար բանակցեցինք, բայց մեր թիկունքում բոլորովին այլ սցենար էր պատրաստվում։ Հատուկ գործողության նպատակը Ռուսաստանի պաշտպանությունը և նացիստական սպառնալիքի վերացումն է։ Ռուսաստանը քայլ առ քայլ լուծելու է իր առջև դրված խնդիրները:

ՌԴ նախագահը Արևմուտքին է մեղադրել պատերազմը սկսելու համար՝ պնդելով, որ Ռուսաստանը ուժ է կիրառում այն դադարեցնելու համար։

Վլադիմիր Պուտին - Մենք չենք պատերազմում Ուկրաինայի ժողովրդի հետ: Կիևն օգտագործվում է որպես հրաձգարան՝ Ռուսաստանի դեմ: Հարկավոր է հստակ հասկանալ՝ որքան շատ հեռահար համակարգեր մտնեն Ուկրաինա, այնքան ակտիվ մենք ստիպված կլինենք հեռացնել սպառնալիքը մեր սահմաններից։

Նա ընդգծել է՝ Ռուսաստանը թույլ չի տա Ուկրաինայում հակամարտությունը վերածել գլոբալ առճակատման և ռազմավարական պարտության մատնել Ռուսաստանին:

Կրեմլի ղեկավարը նաև զգուշացրել է՝ նրանք, ովքեր բռնել են Ռուսաստանին դավաճանելու ուղին, պատասխանատվության են ենթարկվելու ըստ օրենքի, սակայն, նրա խոսքով, սեփական հայրենիքից հրաժարվածների հետ հաշիվ չեն մաքրելու:

Պուտինը վստահեցրել է՝արևմտյան պատժամիջոցների ֆոնին Ռուսաստանը թևակոխել է տնտեսական զարգացման նոր փուլ:

Վլադիմիր Պուտին - Զարգացնելու ենք Սև և Ազովի ծովերի նավահանգիստները, հատուկ ուշադրություն ենք դարձնելու, արդեն դարձնում ենք, Հյուսիս-հարավ միջանցքին։ Այս տարի Վոլգա-Կասպյան ջրանցքով նավեր կանցնեն: Սա բիզնես-գործակցության նոր ուղիներ կբացի Հնդկաստանի, Իրանի, Պակիստանի, Մերձավոր Արևելքի երկրների հետ։

Վլադիմիր Պուտինը նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանը կասեցնում է մասնակցությունը Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միջև 2010 թվականին ստորագրված «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման միջոցների» մասին պայմանագրին։

Նա հստակեցրել է՝ Մոսկվան դուրս չի գալիս համաձայնագրից:

Պուտինը նշել է, որ փաստաթուղթը ստորագրվել էր, երբ Մոսկվան և Վաշինգտոնը իրար հակառակորդներ չէին համարում, սակայն այժմ դա անցյալում է:

Վլադիմիր Պուտին - Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ինչպես նաև Ամերիկայի միջուկային զինանոցներն ուղղված են Ռուսաստանի դեմ, Մոսկվան դա հաշվի կառնի: Եթե արևմուտքը միջուկային զենքի փորձարկումներ անցկացնի, մենք հայելային քայլեր կձեռնարկենք։

Պուտինի այս հայտարարությանն արդեն արձագանքել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ափսոսանք հայտնելով «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման միջոցների» մասին պայմանագրին մասնակցությունը դադարեցնելու Ռուսաստանի որոշման համար: Նա կոչ է արել Մոսկվային վերանայել այս որոշումը, քանի որ «այն կքանդի միջուկային զենքի վերահսկման մեխանիզմը»։

Դաշնային ժողովին ուղղված ելույթը Վլադիմիր Պուտինը եզրափակել է հետևյալ նախադասությամբ՝ «Ճշմարտությունը մեր կողմից է»:

ՌԴ նախագահի խոսքերն ուղեկցվել են ռուս պատգամավորների, խորհրդարանականների, հասարակական գործիչների բուռն ծափահարություններով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում