ԳԳոհար Սարգսյան

Նախագահն ու Ճապոնիայի դեսպանն անդրադարձել են սեյսմակայուն շինարարության, ատոմային էներգիայի շահագործման ճապոնական փորձին

Նախագահն ու Ճապոնիայի դեսպանն անդրադարձել են սեյսմակայուն շինարարության, ատոմային էներգիայի շահագործման ճապոնական փորձին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:

Նախագահ Խաչատուրյանը ողջունելով դեսպանին շնորհավորել է Ճապոնիայի ազգային տոնի կապակցությամբ:

«Մեր հանդիպման առիթն ուրախալի է, քանի որ Ճապոնիան պատրաստվում է նշել Ազգային տոնը՝ Նորին գերազանցություն Նարուհիտո կայսեր ծննդյան օրը և այս կապակցությամբ իմ լավագույն ցանկություններն եմ հղում Ճապոնիայի ժողովրդին և մաղթում եմ կայսրին քաջառողջություն և բարեկեցություն»,- ասել է Հանրապետության նախագահը:

Դեսպան Մասանորին շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորանքի խոսքերի համար շեշտել է, որ կարևորում է Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու սերտացումը:

«Կարծում եմ, որ չնայած մեր երկրների միջև առկա հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, այնուամենայնիվ այդ հարաբերությունները զարգացման ավելի մեծ ներուժ ունեն և երկուստեք պետք է ջանքեր գործադրենք այդ ուղղությամբ: Մեր երկրները չունեն որևէ քաղաքական խնդիր միմյանց հետ, ընդհակառակը՝ առկա է մեծ պոտենցիալ կրթական, մշակութային և առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար»,- շեշտել է դեսպանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ճապոնական փոխգործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ՝ մասնավորապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Անդրադարձ է արվել սեյսմակայուն շինարարության, ատոմային էներգիայի շահագործման բնագավառներում ճապոնական փորձի կիրառման գործնական հնարավորություններին:

Զրույցի ընթացում անդրադարձ է կատարվել «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի կազմակերպական աշխատանքներին և վերջինիս Հայաստանի բարձր մակարդակի ներկայացվածության հարցերին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ իր հնարավորությունների շրջանակում պատրաստակամորեն կաջակցի ինչպես Օսակայում կայանալիք ցուցահանդեսին Հայաստանի արժանվույնս ներկայացված լինելու գործընթացին, այնպես էլ հայ-ճապոնական համատեղ ծրագրերի իրականացմանը:

Հանրապետության նախագահը դեսպանին մանրամասներ է հաղորդել տարածաշրջանային հիմնախնդիրների՝ մասնավորապես Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վտանգների վերաբերյալ:

Իր խոսքում դեսպան Մասանորին ընդգծել է, որ Ճապոնիան պաշտպանում է տարածաշրջանային հիմնախնդիրները բացառապես խաղաղ և դիվանագիտական ուղղությամբ լուծելու սկզբունքը, ինչպես նաև կարևորում Լաչինի մարդասիրական միջանցքի բնականոն գործունեության վերականգնումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում