Թուրքիայում երկրաշարժի հետևանքով տնտեսական վնասը գնահատվում է 84 մլրդ դոլար

ՄՄերի Ներսիսյան

ՎՈԼՈԴԻՆԸ՝ ԼՂ ԽՆԴՐԻՆ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՎ ԵԽԽՎ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Ադրբեջանի Միլի մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ-ում իրավիճակի կարգավորմանը եվրոպական կառույցներին, մասնավորապես, Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի ներգրավման փորձերին։

«Կա որոշում, որն ընդունվել է պետությունների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների մակարդակով։ Առաջնորդվելու ենք դրանով և մեր կողմից անելու ենք ամեն ինչ, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։ Իսկ նրանք, ովքեր եվրոպական ինստիտուտներին ուղղված հայտարարություններ են անում, կարող են պարզապես կորցնել երկիրը»,- նշել է Վոլոդինը։

Ըստ Դումայի խոսնակի՝ ԵԽԽՎ-ի և Եվրախորհրդարանի ներգրավումը Ղարաբաղյան հարցի լուծմանը «կսրի իրավիճակը, նորանոր խնդիրներ կստեղծի»:

Միլի մեջլիսի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանում բարձր են գնահատում կարգավորման գործընթացում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը։

ՀԱՊԿ-Ը ՊԵՏՔ Է ԼՈՒԾԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԸ. ԼՈՒԿԱՇԵՆԿՈ

Մինսկում կայացել է Բելառուսի և ՀԱՊԿ խորհրդի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ: Լուկաշենկոն ընդգծել է, որ կազմակերպության բոլոր անդամները պետք է միավորվեն և գործեն միասին։ Նրա համոզմամբ՝ ՀԱՊԿ-ը պետք է լուծի գոյություն ունեցող խնդիրները, այդ թվում՝ անդամ երկրների սահմաններին:

«Դուք լավ գիտեք և՛ Կովկասը, և՛ Կենտրոնական Ասիան. այնտեղ խնդիրներ կան։ Եկեք, փորձենք լուծել դրանք և հնարավորինս համախմբել ՀԱՊԿ-ն այս դժվարին ժամանակներում»,- ասել Է Լուկաշենկոն Իմանգալի Տասմագամբետովի հետ կայացած հանդիպման ժամանակ։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը: Լուկաշենկոն կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի հետ հակամարտությունը վերաբերում է բոլորին և հետևաբար անհրաժեշտ է ավելի միավորել դաշնակիցներին։

«Ոչ ոք չի դրդում պետություններին գործել իրենց ազգային շահերին հակառակ, բայց մենք՝ որպես դաշնակիցներ, պետք է միասին լինենք»,- ասել է Բելառուսի նախագահը:

ՆԱՏՕ-Ն ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԱՋԱԿՑԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ. ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ

ՆԱՏՕ-ն կարող է միջազգային այն քննարկումների մաս լինել, որոնք ուղղված են Ուկրաինայի անվտանգության երաշխավորմանը, ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսում նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Յենս Ստոլտենբերգը նաև շեշտել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր է երկարաժամկետ հեռանկարում ուկրաինական բանակին տրամադրել ուժեր և միջոցներ, որոնք կօգնեն երկրին ապահովել իր պաշտպանություն և կանխել այլ կոնֆլիկտներ:

«Ուկրաինայի կողմից զինամթերքի սպառման ներկայիս տեմպերը մի քանի անգամ գերազանցում են դրանց արտադրության առկա տեմպերը»,- նշել է Ստոլտենբերգը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմարդյունաբերական համալիրները լուրջ ճնշման ներքո են հայտնվել։ Չնայած դրան՝ դաշինքը շարունակելու է աջակցել Ուկրաինային։

ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՃԵԼ

Թուրքիայում ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 31 600-ը՝ հայտնում են Աղետների հետևանքների վերացման վարչությունից: Աղետի գոտուց այլ շրջաններ է տարհանվել շուրջ 160 հազար տուժած: Ընդհանուր առմամբ Թուրքիայում և Սիրիայում զոհվել է ավելի քան 40 հազար մարդ։ Փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո 2724 հետցնցում է գրանցվել։

Կանադայի Բրիտանական Կոլումբիա շրջանի Վիկտորիանական համալսարանի սեյսմոլոգիայի պրոֆեսոր Էդվին Նիսենը հայտարարել էր, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժն աշխարհում երբևէ գրանցված տասը խոշորագույն երկրաշարժերից է, որոնց էպիկենտրոնը ցամաքում է:

Թուրք վերլուծաբանները երկրաշարժի տնտեսական վնասը գնահատում են 84 մլրդ դոլար, ինչը կազմում է երկրի ՀՆԱ-ի մոտ 10%-ը՝ գրում է Bloomberg-ը։ Այդ գումարի հիմնական մասնաբաժինը՝ շուրջ 70 միլիարդ դոլարը, բնակարանների կորուստն է: Ենթակառուցվածքներին հասցված վնասի և ազգային եկամտի կորստի վնասը գնահատվել է 10,4 մլրդ դոլար։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Գրիֆիթսը հայտարարել է, որ փրկարարական աշխատանքներն աղետի գոտիներում գրեթե ավարտված են: Պաշտոնյան նշել է, որ ՄԱԿ-ը շուտով Սիրիայի կառավարության հսկողության տակ գտնվող շրջաններից օգնություն կուղարկի զինյալ խմբավորումների կողմից վերահսկվող՝ երկրի հյուսիսարևմտյան շրջան, որը նույնպես տուժել է երկրաշարժից:

Գրիֆիթսն ընդգծել է, որ այժմ անհրաժեշտ է տուժածներին շտապ ապահովել կացարանով, սննդով, դպրոցական կրթությամբ և հոգեբանական օգնությամբ: Sky News-ն էլ հայտնում է, որ բրիտանական կառավարությունը նախատեսել է ուսումնասիրել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցների մի մասի թուլացման հարցը, որպեսզի դյուրացնի երկրի՝ երկրաշարժից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործընթացը:

ՑՈՒՅՑԵՐ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ԴԵՄ

Տասնյակ հազարավոր իսրայելցիներ Երուսաղեմում և Թել Ավիվում փողոց են դուրս եկել ընդդեմ վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարության կողմից առաջարկված` երկրի իրավական համակարգի բարեփոխման օրինագծի՝ Քնեսեթում առաջին ընթերցման նախօրյակին:

Ցուցարարները հավաքվել են Քնեսեթի մոտ՝ ծածանելով Իսրայելի դրոշները և վանկարկելով «Ժողովրդավարություն»: Նրանց համոզմամբ` կառավարության առաջարկած նախագիծը կարող է ոչնչացնել ժողովրդավարական հակակշիռները և մեկուսացնել Իսրայելը՝ թուլացնելով դատական համակարգը, վտանգելով երկրում մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունները: Իսրայելի արդարադատության նախարարի կողմից հունվարի սկզբին առաջարկված բարեփոխման առաջին մասը կառավարությանը հնարավորություն կտա վերահսկողություն հաստատել դատավորների ընտրող հանձնաժողովի նկատմամբ, ինչպես նաև կսահմանափակի Գերագույն դատարանի կողմից հիմնական օրենքների նկատմամբ դատական վերահսկողությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում